ՆԱՍԱ-ն Մարսի վրա հայտնաբերել է կյանքի գոյության գլխավոր բաղադրիչներից մեկը
ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության` ՆԱՍԱ-ի Curiosity մարսագնացը հեռավոր «կարմիր մոլորակի» մակերևույթի վրա ուսումնասիրություններ կատարելիս ազոտի հետքեր է հայտնաբերել:
Ինչպես նշում է alarabiya.net-ը, սա բավական նշանակալի հայտնագործություն է, քանի որ ազոտի առկայությունն ապացուցում է, որ ժամանակին Մարսի վրա իրոք կյանք է գոյություն ունեցել:
Curiosity-ի գործարկմամբ զբաղվող թիմը հավելել է, որ Գեյլ կոչվող հրաբխային խառնարանում նախկինում հայտնաբերվել են նաև կենսական նյութերի ու հեղուկ ջրի գոյության ապացույցներ: Իսկ դեկտեմբերին սարքը ֆիքսել է մեթանի կանոնավոր արտանետումներ, սակայն դրանց աղբյուրը դեռևս հայտնի չէ:
Հիշեցնենք, որ Curiosity-ն Մարսի վրա բարեհաջող վայրէջք է կատարել 2012թ. օգոստոսի 6-ին` հեռավոր մոլորակը մանրակրկիտ ուսումնասիրելու ու կյանքի գոյության նշաններ հայտնաբերելու համար:










