Facebook-ի մեսենջերի օգտատերերը կկարողանան ապրանքներ գնել «լայքի» միջոցով. Wall Street Journal
Facebook-ի բջջային մեսենջերում նախատեսվում է նոր գործիքներ ավելացնել, գրում է gazeta.ru-ն՝ The Wall Street Journal-ին հղումով: Մասնավորապես՝ դա ամրագրումն է, առցանց պատվերների հետևելը և տեսանյութեր ուղարկելը:
Facebook-ում հայտնել են մեսենջերին Messenger Platform-ի միջոցով մոտ 40 հավելված միացնելու մասին: Սոցցանցի ներկայացուցչի խոսքով՝ օգտատերերին կառաջարկեն առցանց ապրանքներ գնել «լայք» նշանն ուղարկելու միջոցով: Նախաձեռնությունը ղեկավարում է PayPal-ից Facebook անցած Դևիդ Մարկուսը:
Բացի այդ, ընկերությունը հայտարարել է ներդրված տեսափլեյերի մասին, որն օգտատերերի համար կհեշտացնի իրենց էջերում տեսանյութերի տեղադրումը: Սոցցանցը նաև ծառայություն է թողարկել, որը կօգնի գործարարներին հետևել իրենց բջջային գովազդի արդյունավետությանը:
2011 թվականին որպես առանձին հավելված թողարկված Messenger-ի օգտատերերի թիվը 600 միլիոն է:










