Գիտնականներն աչքի կաթիլներ են ստեղծել մթության մեջ տեսնելու համար
Կալիֆորնիացի գիտնականների թիմը կամ «բիոհաքերները», ինչպես իրենք են իրենց անվանում, պնդում են, որ մարդկանց համար մթության մեջ տեսնելու եղանակ են հայտնաբերել` առանց հատուկ ակնոցի օգնության:
Ինչպես գրում է Oddity Central-ը` գիտնականները վերջերս հետազոտություն են կատարել, որի ժամանակ կամավորի աչքերի մեջ հատուկ հեղուկ են ներարկել, որի շնորհիվ նրա մոտ գերմարդկային գիշերային տեսողություն է ի հայտ եկել:
Ներարկումից հետո կամավորը, ով գիտաշխատող Գաբրիել Լիսինան է եղել, մի քանի ժամ շարունակ կարողանում էր տեսնել մինչև 50 մետր հեռավորությամբ՝ ամբողջական մթության պայմաններում: Նա նկատում էր մթության մեջ ծառերի միջով վազող մարդկանց:
Նորաստեղծ լուծույթը պարունակում է Քլորին e6 (Ce6) կոչվող նյութը, որը առկա է ծովի մեծ խորություններում բնակվող ձկների մոտ: Այն լույսի ուժեղացման հատկություն ունի և կիրառություն է գտել նաև քաղցկեղի բուժման հետազոտություններում: Ce6-ի, ինսուլինի և աղային խառնուրդի միջոցով գիտնականները մթության մեջ տեսողությունը բարելավող հեղուկ են ստեղծել:










