Amazon-ը կոճակ է ներկայացրել, որը սեղմելով՝ կարելի է վայրկենապես ապրանք պատվիրել

14:53 • 01.04.15

Ամերիկյան Amazon ընկերությունը փոքր կոճակ է ներկայացրել, որը թույլ է տալիս պատվիրել պարբերաբար օգտագործվող ապրանքը մեկ սեղմումով, գրում է Mirror-ը:

 

Amazon-ի կոճակը կարելի է կախել, կպցնել կամ տեղադրել տան ցանկացած վայրում՝ խոհանոցային, լոգարանային պարագաներ պատվիրելու համար:

 

Այն գործում է սմարթֆոնի ծրագրային հավելվածի օգնությամբ, որտեղ կարելի է հստակեցնել, թե կոնկրետ ինչ ապրանք եք ցանկանում պատվիրել ամեն անգամ, երբ սեղմում եք կոճակը՝ լինի դա զուգարանի թուղթ, լվացքի փոշի, ամանի հեղուկ կամ ածելի:

 

Այնուհետև հաջորդ անգամ կոճակը սեղմելիս ապրանքի պատվերը մեխանիկորեն կկատարվի՝ առանց բանկային քարտի կամ առաքման տվյալները լրացնելու անհրաժեշտության, քանի որ Amazon-ն արդեն գրանցած ունի այդ տվյալները:

 

Այնուամենայնիվ, հեռախոսին կստացվի նախազգուշացում, որը ժամանակ կտա պատվերը չեղյալ համարելու համար, եթե որոշեք մտափոխվել, կամ եթե կոճակը սեղմել է հետաքրքրասեր երեխան:

 

Այժմ 255 ապրանք կա, որոնք հնարավոր է պատվիրել կոճակի միջոցով, դրանց մեծ մասը մաքրության և լոգարանի հետ կապված ապրանքներ են, ինչպես նաև՝ նպարեղեն:

 

Նախատեսվում է, որ տանը տարբեր հատվածներում յուրաքանչյուր ապրանքի համար կարելի է ունենալ մեկական կոճակ: Երբ հասկանաք, որ ապրանքն ավարտվում է, ընդամենը պետք է սեղմել համապատասխան կոճակը:

 

Այս շաբաթ այս ծրագիրը սկսել է աշխատել ԱՄՆ-ում, հավանաբար մոտ վեց ամսից այն կգործի նաև Եվրոպայում:

 

Amazon-ը կոճակ է ներկայացրել, որը սեղմելով՝ կարելի է վայրկենապես ապրանք պատվիրել