Google-ը որոշել է իր շահույթը տալ նրանց, ովքեր ունեն դրա կարիքը
Ամերիկյան Google ընկերությունը մեծահոգաբար որոշել է իր ողջ շահույթը նվիրաբերել լավ նպատակների համար, քանի որ ընկերությունը «կարող է դա իրեն թույլ տալ», գրում է mirror.co.uk-ը։
Ընկերությունը հայտարարել է այդ քայլի մասին Google Change կոչվող կայքում: Այն հայտնել է նաև, որ պատրաստվում է իր շահույթը հանձնել աշխարհում սովը վերացնելու, 10 000 զբոսայգիներ վերանորոգելու, հանրային տրանսպորտը ֆինանսավորելու և այլ նպատակների համար:
«Google-ը պատմության մեջ ամենահաջողակ ընկերություններից մեկն է, մեծավմասամբ այն պատճառով, որ մենք պատրաստ ենք փորձարկումներ անել: Այդ պատճառով՝ սկսած ապրիլի 1-ից մենք մեր եռամսյակային շահույթն ուղղում ենք նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Որովհետև մենք դա կարող ենք մեզ թույլ տալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Google-ը 2014 թվականին 66 միլիարդ դոլարի եկամուտ է ստացել՝ մեկ տարվա մեջ 19 տոկոս աճ գրանցելով: Ընկերության 2014 թվականի վերջին երեք ամիսների եռամսյակային շահույթը կազմել է 4,76 միլիարդ դոլար:










