Ապրիլի 24-ին Երևան չայցելելու` Գերմանիայի կանցլերի որոշման պատճառը քաղաքական շահն է. թուրքագետ

00:07 • 01.04.15

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի համար զարմանալի չէ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի որոշումը, որ ապրիլի 24-ին Երևան չի այցելի։  Ըստ նրա՝ խնդիրը կրկին քաղաքական շահին է վերաբերում, և այս պահին Գերմանիան չի ցանկանում խնդիր ունենալ Թուրքիայի հետ։ «Գերմանիայի, ինչպես նաև` մի շարք այլ երկրների՝ ապրիլի 24-ին Երևան չայցելելու պատճառը քաղաքական շահն է։ Գերմանիան չի ցանկանում Թուրքիայի հետ իր հարաբերությունները լարել, բացի այդ՝ հաշվի է առնվում նաև այն, որ Գերմանիայում կա ծանրակշիռ թուրքական համայնք»,-ասաց նա։


Նշենք, որ թուրքական «Ջիհան» լրատվական գործակալության տեղեկությամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ապրիլի 24-ին Երևան չի այցելի։ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար ապրիլի 24-ին Գերմանիան Երևան է ուղարկելու Եվրամիության հարցերով նախարար Միխեիլ Ռոթին:


Թուրքագետը Գերմանիայի պարագայում Թուրքիայի Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումներին ավելի բարձր մակարդակով մասնակցության որոշումն ավելի օրինաչափ կհամարեր, քանի որ ըստ նրա՝ ճակատամարտը կազմակերպել և մասնակցել է Գերմանիան՝ որպես Թուրքիայի դաշնակից։ «Ներկայությունն այդ տեսանկյունից կարելի է հասկանալ, այլ հարց է, որ ապրիլի 24-ն է գալիս, և այդ օրը ճակատամարտի որևէ օրվա հետ չի համապատասխանում, և դա արդեն Գերմանիայի քաղաքականության բարոյական որոշելիքը կլինի՝ ինչ մակարդակով մասնակցել»,-ասաց նա։


Հիշեցնենք, որ «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության  դատապարտման գործում հատկապես կարևորեց Գերմանիայի մասնակցությունը։


«Մենք շատ ենք կարևորում Գերմանիայի դերակատարությունը Հայոց ցեղասպանության հարցում, որովհետև Գերմանիան այն եզակի երկրներից է, և գերմանացիներն այն եզակի ժողովուրդներից են, որ նայել են պատմությանը և գնահատական են տվել։ Եվ հիմա Գերմանիայի հորդորը թուրքերին իրոք կլինի կոնկրետություն, հորդոր մի ժողովրդի, որի միջով իրենք անցել են»,-նշել էր ՀՀ Նախագահը։


 

Ապրիլի 24-ին Երևան չայցելելու` Գերմանիայի կանցլերի որոշման պատճառը քաղաքական շահն է. թուրքագետ