Curiosity-ն Մարսի վրա «քաղաք-այգու» հատված է լուսանկարել

19:22 • 02.04.15

Curiosity մարսագնացը Մարսի Էոլիդա լեռան հիմքի մոտ Գեյլ խառնարանի կենտրոնում «քաղաք-այգու» (ինչպես այն անվանել է ՆԱՍԱ-ն) մի հատված է լուսանկարել, գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով ամերիկյան օդատիեզերական գործակալության կայքը: Լանդշաֆտը հիշեցնում է տեխնածին կառույցների ավերակներ:

 

Լուսանկարում երևում է երկգույն «ջրանցքների» ցանց, որը կարող է վկայել «կարմիր մոլորակի» այդ տարածքի բուռն անցյալի մասին: Ցանցի առանձին հատվածներում պատերի բարձրությունը հասնում է վեց սանտիմետրի, իսկ լայնությունը՝ կես սանտիմետրի: Հավանաբար, այդ ուղիներով ժամանակին ջուր է հոսել, իսկ լեռան հիմքի մոտ լիճ է եղել:

 

Վերջին յոթ ամիսներին մարսագնացը լեռան շրջակայքի տարբեր հատվածներում հորատում է իրականացրել և հայտնաբերել է միմյանցից տարբերվող միներալներ: Դա կարող է խոսել այդ տարածքի զարգացման տարբեր փուլերի մասին, մասնավորապես՝ անցյալում այդ տարածքների խոնավության և թթվայնության մասին:

 

Հետագայում գիտնականները պատրաստվում են շարունակել այդ տեղանքի հետազոտությունը և պարզել «քաղաք-այգում» տարբեր հեղուկների տարածման ժամանակագրությունը:

Curiosity-ն Մարսի վրա «քաղաք-այգու» հատված է լուսանկարել