Հիմնական աշխատանքը կատարած հայ գիտնականները երկրորդական դերում են հայտնվում. Պավել Ավետիսյան
ԳԱԱ-ում ընթացող տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը հայտարարեց, թե հայ գիտնականներն այսօր աշխարհում որոշակի տեղ են զբաղեցում, ընդունվում, ճանաչվում են, սակայն որոշակի խնդիրներ են առաջ եկել. շատ դեպքերում հայ գիտնականները, ովքեր տվյալ բացահայտման գործում առաջնային դեր ունեն, երկրորդական դերում են հայտնվում:
«Մեր ուսումնասիրություններից մեկի համաձայն՝ երկիր մոլորակը բնակեցնելու սկզբունքների վերաբերյալ գիտության մեջ եղած պատկերացումները փոխվում են: Համաշխարհային գիտության մեջ այն տեսակետն է գերիշխող, որ վաղ հոմոսափիենսը Երկիր մոլորակում տարածվել է Աֆրիկայից: Մինչդեռ Նոր Հաճնի մոտ գտնվող հուշարձանի պեղումները վկայում են, որ այն ձևավորվել է Հայաստանում ու ավելի վաղ տարիք ունի, քան Աֆրիկայում տարածվածը»,- ասաց Պավել Ավետիսյանը՝ շարունակելով, որ հետազոտության արդյունքներն արվել են դրսում, քանի որ Հայաստանում համապատասխան լաբորատորիա չկա:
«Արդյունքների մասին հոդվածներ են հրապարկել արտասահմանյան հաստատությունների ներկայացուցիչները. այդպես հայ գիտնականները հայտնվեցին երկրորդական դերում»,-ասաց նա՝ նշելով, որ կարևոր է ունենալ լաբորատորիա, նախնական ուսումնասիրություններ անելու համար:
Պավել Ավետիսյանն ասաց, որ արդեն ճշտել են, թե ինչպիսի լաբորատորիա է իրենց անհրաժեշտ, որպեսզի արդյունքներ ունենան:
Խոսքն ուղղելով Նախագահ Սերժ Սարգսյանին, Պավել Ավետիսյանը խնդրեց ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի համար առանձին շենք հատկացնել՝ լաբորատորիայի համար. «Մենք միայն շենք ենք ուզում, մնացածը դրամաշնորհների, միջազգային համագործակցության ծրագրերի միջոցով կապահովենք: Նման լաբորատորիա ունենալն արդեն պարտադրված պահանջ է»:
Արձագանքելով խնդրանքին, Նախագահ Սերժ Սարգսյանն ասաց. «Ձեր ինստիտուտը Գիտությունների ազգային ակադեմիայի անբաժան մասն է: Դիմեք Ակադեմիայի ղեկավարությանը: Օրինակ, Քանաքեռում քիմիայի նախկին ինստիտուտի շենքը կարող եք վերցնել, այն գործող չէ: Կան նաև այլ շենքեր: Ամենաշատ շենքերն Ակադեմիան ունի: Ես շատ շնորհակալ եմ, որ փող չեք ուզում, գնացեք շենքը վերցրեք»:
«Ուզում եմ ասել, որ դա պարտադրված պահանջ է, անկախ նրանից, թե որտեղ շենքը կտան: Շնորհակալություն»,-արձագանքեց Պավել Ավետիսյանը:










