Samsung-ը հայ սպառողներին պաշտոնապես ներկայացրեց Samsung Galaxy S6 և S6 Edge նորագույն սմարթֆոնները

19:55 • 07.04.15

Samsung ընկերությունն այսօր «Պրոսպեկտ Մոլի» Samsung/Mobile Centre վաճառասրահում հայ սպառողներին պաշտոնապես ներկայացրեց Samsung Galaxy S6 և S6 Edge նորագույն սմարթֆոնները, որոնց վաճառքը Հայաստանում կմեկնարկի ապրիլի 17-ին:


Galaxy ընտանիքի հաջորդ սերնդի այս նորագույն սմարթֆոնի դիզայնի բարդ նախագծում կիրառված են հատուկ նյութեր՝ մետաղի և ապակու կատարյալ ներդաշնակությամբ:

Նրբագեղ ձևավորումն արված է հարթ ապակե կոր եզրերի և մետաղական մասերի ճշգրիտ համադրությամբ: Այս սմարթֆոններում զուգակցված են նրբագեղությունն ու նորարարությունը:


Միջոցառման ընթացքում «Samsung Electronics» շարժական սարքավորումների բաժնի ղեկավար Աշոտ Բուդաղյանը, ներկայացնելով նորագույն սմարթֆոնները, ասաց, որ գեղեցիկ արտաքին տեսքից բացի, սարքն օժտված է հզոր բնութագրիչներով:


«Samsung Galaxy S6 սմարթֆոնն ունի 2560 x 1440 պիքսելների թողունակությամբ  5.1 դյույմանոց էկրան և 64 բիթանոց Exynos 7420 պրոցեսոր: Եթե Դուք լուսանկարներ անելու կամ սելֆիների սիրահար եք, ուրեմն սմարթֆոնները հենց Ձեզ համար են: Հիմնական տեսախցիկը 16 Մպ է, դիմայինը՝ 5 Մպ: Սմարթֆոնները համալրված են ամենաթարմ  Android օպերացիոն համակարգով՝ 5.0.2 (Lollipop)»,-ծանոթացրեց Աշոտ Բուդաղյանը:
 

Շրջանակը պատրաստված է նորագույն գերամուր ալյումինից, որն օգտագործվում է օդանավերի, զբոսանավերի և լեռնային հեծանիվների արտադրության մեջ: Այն 1,5 անգամ ավելի ամուր է, քան շուկայում ներկայացված այլ սմարթֆոնների շրջանակները:
 

Ի դեպ, երկար ճանապարհ գնացողներն անհանգստանալու կարիք չեն ունենա, քանի որ այս սմարթֆոնների մարտկոցն ունի արագ լիցքավորվելու հնարավորություն, ինքը թույլ կտա 2 ժամ վայելել բարձրորակ վիդեո և այդ ամենը՝ սմարթֆոնն ընդամենը 10 րոպե լիցքավորելու դեպքում:
 

Samsung  ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Միխայիլ Բատուևն էլ հայտարարեց, որ «Samsung Electronics»-ը հավատարիմ է մնում իր ավանդույթներին և դարձյալ անակնկալ է պատրաստել իր հավատարիմ հաճախորդների համար:


Նրանք, ովքեր կմասնակցեն «Ապագան այստեղ է» խաղին, կստանան բացառիկ հնարավորություն՝ գնելու Samsung Galaxy S6 կամ  Galaxy S6 Edge սմարթֆոնը 99% զեղչով: Պարզապես անհրաժեշտ է անել սելֆի Samsung ապրանքանիշի հետ, տեղադրել այն Samsung Armenia-ի ֆեյսբուքյան էջում և հետևել էջի հրահանգներին:

 

Samsung-ը հայ սպառողներին պաշտոնապես ներկայացրեց Samsung Galaxy S6 և S6 Edge նորագույն սմարթֆոնները