Ավստրիայում ավելի քան 25.000 մարդ դատի է տվել Facebook-ին
Facebook սոցկայքի ավելի քան 25.000 օգտատեր ընդդեմ ընկերության հայց է ներկայացրել Վիեննայի դատարան՝ իրենց անձնական տվյալներն ապօրինի կերպով օգտագործելու համար, գրում է РИА Новости-ն։
Facebook-ի օգտատերերը՝ ակտիվիստ Մաքս Շրեմսի գլխավորությամբ, մեղադրում են սոցկայքին անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման, անձնական տվյալների ապօրինի հավաքման և փոխանցման, ինչպես նաև «լայքերի» և հավելվածների միջոցով օգտատերերին լրտեսելու համար։
«Խնդիրն այն չէ, որ Facebook-ը պահպանում է այդ անձնական տվյալները, այլ այն, որ դրանք հնարավոր չէ հեռացնել»,- կարծում է Շրեմսը։
Եթե օգտատերերը շահեն դատը, ապա ընկերությունը ստիպված կլինի վճարել յուրաքանչյուրին 500 եվրո փոխհատուցում, ընդհանուր՝ մոտ 12.5 մլն եվրո։










