«Ճանաչենք 1915» նախագծի շրջանակում մեկնարկել է մեդիա և տեղեկատվական անվտանգության ֆորումը
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին կիբեռանվտանգության խնդիրները մեծանալու են, և մինչև ապրիլի 24-ը տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության և պաշտպանվածության բոլոր ոլորտներում լինելու են արդիական:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հենց այդ պատճառով «Յուքոմ» ընկերությունը Ծաղկաձորում նախաձեռնել է Մեդիա և տեղեկատվական անվտանգության ֆորում, որի շրջանակում տարբեր ոլորտի մասնագետները քննարկելու են տեղեկատվական և կիբեռանվտանգության, կորպորատիվ ցանցերի պաշտպանության ու համացանցային անվտանգության էթիկայի խնդիրներ, տեղեկատվական պայքարի հիմնահարցեր:
Ֆորումի մեկնարկին «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը կարևորել է նման միջոցառման անցկացումը` հավելելով, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունը առիթ է հերթական անգամ ուշադրություն սևեռելու տեղեկատվական անվտանգության խնդիրներին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ կիբեռանվտանգության խնդիրներն արդեն մեծանում են և առաջիկայում էլ շատանալու են:
Մեդիա և տեղեկատվական անվտանգության ֆորումն անցկացվում է «Ճանաչեք 1915» նախագծի շրջանակներում: Նախագծի հիմնական նպատակն է աշխարհին տեղեկացնել Հայոց ցեղասպանության մասին: Այն մեկնարկել է 2014թ. ապրիլին: Նախագծի շրջանակում ստեղծվել է հանրային իրազեկման գործիք, որի միջոցով յուրաքանչյուր մարդ, էլեկտրոնային փոստի հատուկ ստորագրություն տեղադրելով, էլեկտրոնային նամակագրության միջոցով հիշեցնում է Հայոց ցեղասպանության մասին:










