1.000.000 դոլար. վաճառվել է Ալան Թյուրինգի նոթատետրը (լուսանկար)
Ապակոդավորման հարցերով իսկական գիտակ ու համակարգչային տեխնիկայի ոլորտում պիոներ համարվող Ալան Թյուրինգին պատկանած նոթատետրը Նյու Յորքում կայացած աճուրդի շրջանակում վաճառվել է մոտ 1 մլն դոլարով:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, բրիտանացի գիտնականի 56 էջանոց նոթատետրը վաճառվել է ընդամենը 2 րոպեում: Նոթատետրը պարունակում է մաթեմատիկական բարդ հաշվարկներ ու գրառումներ, որոնք Թյուրինգն արել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին:
Դրանում նշված է, թե ինչպես են Թյուրինգն ու նրա գործընկերներն աշխատել ֆաշիստների կողմից օգտագործվող «Էնիգմա» կոդավորման մեքենան ապակոդավորելու համար:
Համարվում է, որ վաճառված նոթատետրը Թյուրինգի միակ ծավալուն ձեռագիրն է, որը գիտնականն իր մահից առաջ հանձնել է ընկերոջը:











