WSJ-ն իմացել է Google-ին տուգանելու Եվրամիության իշխանությունների մտադրության մասին
Եվրամիության հակամենաշնորհային կարգավորիչը պատրաստվում է պաշտոնական մեղադրանքներ ներկայացնել Google Inc.-ին՝ հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու համար: Այդ մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրի:
Աղբյուրի խոսքերով՝ հայցը ներկայացնելու մասին որոշումը կայացվել է երեքշաբթի՝ ապրիլի 14-ին, մրցակցության հարցերով եվրոպացի հանձնակատար Մարգրեթ Վեսթագերի կողմից և համաձայնեցվել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ:
Մեղադրանքը կդառնա հինգ տարի շարունակվող հետաքննության արդյունք, որը ցույց է տվել, որ Google որոնողական համակարգը հաճախ վերաուղղում է օգտատերերին ճանապարհորդությունների, գնումների և քարտեզների սեփական ծառայություններ՝ առաջ մղելով իր արտադրանքը և խախտելով մրցակիցների իրավունքները: Ընկերության համար նման քաղաքականության հետևանք կարող է դառնալ ավելի քան 6 միլիարդ դոլարի տուգանքը:
Եվրահանձնաժողովը նշել է Google-ի քաղաքականության մեջ չորս հիմնական խնդիր՝ որոնման արդյունքների մանիպուլյացիա, մրցակից կայքերից բովանդակության փոխառություն, պայմանագրեր, որոնք սահմանափակում են շուկայի մասնակիցների համար այլ հարթակներից օգտվելու հնարավորությունը, գովազդատուների հետ պայմանագրեր, որոնք բացառում են նրանց համար մրցակից որոնողա-գովազդային ծառայություններին դիմելու հնարավորությունը:










