ՏՏ ոլորտը մեծ թափով աճում է, և մենք պահանջարկը լրացնելու խնդիր ունենք. Բագրատ Ենգիբարյան

15:00 • 18.04.15

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեծ թափով է աճում և ընդհանուր աշխատողների քանակն այսօր 15 հազարից անցել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը
 

«Հատկապես, երբ հայկական արտադրանքը դուրս է գալիս համաշխարհային շուկա, գնալով մեզ պետք են ավելի որակյալ մասնագետներ»,- ասաց նա:
 

Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա նա նշեց, որ դաշտում երկու կարգի խնդիր ունեն: «Առաջինը` ընդհանուր մասնագետների քանակն է: Պահանջարկը դաշտում կազմում է մոտավորապես 2000 մասնագետ, իսկ մեր բուհերն արտադրում են մոտավորապես 700-1000 մասնագետ»,- ասաց նա:

 

Երկրորդ խնդիրը նա համարում է որակը: «Հայաստանը պարզ մշակումների երկիր չէ, այսինքն` մեզ պարզապես ծրագրավորողներ պետք չեն, այլ պետք են մասնագետներ, որոնք կարողանում են ստեղծագործել, մտածել և լուծել նոր խնդիրներ, ինչն ավելի է բարդացնում խնդիրը: Դա նշանակում է, որ ոչ միայն քանակ պետք է ապահովենք, այլ նաև որակ»,- ասաց նա:

 

Բագրատ Ենգիբարյանն ասաց, որ այդ խնդիրները լուծելու նպատակով էլ Կառավարությունը, մասնավոր կազմակերպությունները, «Ձեռնարկությունների ինկուբատոր» ընկերությունն աշխատանքներ են տանում և առաջնահերթ աշխատում են բուհերի հետ, որպեսզի բուհական ծրագրերը փոփոխվեն:

 

«Երկրորդ հիմնական ուղղությունը, որտեղ աշխատանք ենք տանում,   վերապատրաստման դասընթացներն են, որովհետև շատերը վաղուց են ավարտել կամ այլ ֆակուլտետներ են ավարտել, ինչի համար կենտրոններում փորձում ենք կարճաժամկետ դասընթացներ իրականացնել: Դասընթացներ ենք իրականացնում նաև Գյումրիում և Վանաձորում»,- ասաց նա:

 

Բագրատ Ենգիբարյանն անհրաժեշտ է համարում նաև PR-ի իրականացումը: Նա նկատեց, որ ծնողների և ընտանիքի ազդեցությունը երեխաների մասնագիտության ընտրության վրա շատ մեծ է, ինչի արդյունքում բազմաթիվ երեխաներ ընդունվում են  լեզվաբանության, իրավաբանության, տնտեսագիտության ֆակուլտետներ, իսկ հետագայում ստիպված են  լինում ավարտելուց հետո վերապրոֆիլավորվել, սովորել որոշակի տեխնոլոգիական ուղղություններ: «Ինչի՞ համար կորցնել այդ 4-5 տարին»,- ասաց նա:

 

Այդ իսկ պատճառով նա նշեց, որ մտադրություն ունեն դպրոցներում աշխատանք տանել, քանի որ տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում, իսկ մտածելակերպը և որակները ստեղծվում են դպրոցներում:
 

«Հենց դպրոցական տարիքի բարձր դասարանների երեխաներին փորձում ենք աջակցել, որպեսզի նրանք կարողանան որոշակի ունակություններ ձեռք բերել, ձևավորվի իրենց մտածելակերպը: Շատ կարևոր է ունենալ ոչ միայն խելոք, այլ ստեղծագործող երեխաներ, իսկ այսօր Հայաստանի ամենամեծ մրցակցային առավելությունը որակյալ և նոր լուծումներն են, որտեղ դու չես կարող առանց ստեղծագործ մտածելակերպի մրցակցել»,- ասաց նա:

 

Ինչ վերաբերում է հարցին, թե մեր մասնագետները որքանով են մրցունակ արտերկրում, Բագրատ Ենգիբարյանը պատասխանեց.«Մեր մասնագետները շատ մրցունակ են դրսում, բոլոր մեծ կազմակերպություններում նրանք աշխատում են և մրցունակ են ոչ միայն որակյալ աշխատուժով, այլ նաև բավականին հետաքրքիր միջավայր է Հայաստանում` նոր լուծումներ գտնելու համար»:

 

Ինչ վերաբերում է հենց Հայաստանում մասնագետների ինքնադրսևորվելու հնարավորություններին, ապա նա ասաց, այդ հնարավորությունները շատ մեծ են  և բազմաթիվ կենտրոններ, խմբակներ կան:

 

«Սա այն ոլորտն է, որտեղ երիտասարդը միանգամից ավարտելուց հետ կարող է լավ աշխատանք գտնել և ստանալ բարձր աշխատավարձ: Կարծում եմ` 1000  կամ 2000 դոլարը բավական բարձր աշխատավարձ է մեր կենցաղի համար, և  կյանքի այն կենսամակարդակը, որ ունենք Հայաստանում, դա իդեալական միասնություն է, որ կարծում եմ՝ պետք է օգտագործել»,-ասաց նա:

 

Բագրատ Ենգիբարյանի կանխատեսմամբ՝ այս տարի, հավանաբար, Հայաստանն այս ոլորտում կունենա առնվազն 25 տոկոսի աճ:


 

ՏՏ ոլորտը մեծ թափով աճում է, և մենք պահանջարկը լրացնելու խնդիր ունենք. Բագրատ Ենգիբարյան