Թուրքիան` չարի հայելու առաջ. La Razon
Իսպանական La Razon պարբերականի թղթակից Ֆրանչեսկա Սիկադին անդրադարձել է վերջին շաբաթվա ընթացքում Հայոց ցեղասպանության մասին վերլուծություններում Թուրքիայի ագրեսիվ արձագանքին` մեջբերելով թուրք լրագրողուհու մեկնաբանությունները ներկայիս թուրքական կառավարության դիրքրոշման շուրջ:
«Հռոմի պապի կողմից «ցեղասպանություն» բառի օգտագործումը առաջացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զայրույթը, ով իրեն վիրավորված է ցույց տալիս Օսմանյան կայսրության իր նախնիների կողմից զանգվածային կոտորածների համար մեղադրանքների պատճառով: Թուրքիայի ժամանակակից «սուլթանը», ով ձգտում է վերականգնել անցյալի իմպերիալիստական փառքը, կոշտ քննադատություններ է հնչեցրել Պապի հասցեին և զգուշացրել է նրան, որ չկրկնի նույն սխալը: Իսկ թուրք վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ֆրանցիսկոս պապին մեղադրել է Թուրքիայի դեմ դավադրվող «չարի առանցքին» միանալու համար:
Անկարան արագ արձագանքեց և Հայոց ցեղասպանության մասին Պապի հայտարարությունից անմիջապես հետո հետ կանչեց Վատիկանում իր դեսպանին: «Այս առումով վիճաբանությունը Սուրբ Աթոռի հետ հատկապես զգայուն է ո՛չ միայն այն պատճառով, որ ծագել է կոտորածների հարյուրերորդ տարելիցի նախաշեմին, այլև՝ այն պատճառով, որ երկու ամիս անց ընտրություններ են տեղի ունենալու, և Էրդողանի կուսակցությունը փորձում է պահպանել իր իշխանությունը: Ֆրանցիսկոս պապի խոսքին իր կոշտ պատասխանով Թուրքիայում իշխող իսլամիստական կուսակցությունը փորձում է շահել ազգայնականների ձայները», - LA RAZÓN-ին տված հարցազրույցում մեկնաբանել է թուրք անկախ լրագրող Չինար Քիփերը:
Բացի այդ, ըստ Քիփերի՝ «կառավարությունը փորձում է ուղերձ հղել Արևմուտքին՝ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի ոգեկոչմանն ընդառաջ, երբ Թուրքիան հայտնվել է միջազգային ճնշման կենտրոնում»:
Թուրքիան մտահոգված է, որ Սուրբ Աթոռի հետ այս միջադեպը կարող է ազդել միջազգային հանրության հետ երկրի հարաբերությունների վրա և՝ ո՛չ միայն դիվանագիտական շրջանակում: Բազմաթիվ թուրք վերլուծաբաններ և լրագրողներ այս օրերին հարցնում են` արդյո՞ք ԱՄՆ-ն կլինի հաջորդ երկրը, որը կճանաչի Ցեղասպանությունը, որը, կարելի է ենթադրել, կնշանակի ռազմական համագործակցության փոփոխություն Անկարայի և Վաշինգտոնի միջև: Ոգեշնչված Պապի ելույթով` այլ համաշխարհային առաջնորդներ կարող են հետևել նրա օրինակին այս շաբաթ` կապված հարյուրերորդ տարելիցի հետ»:










