Հայաստանում չինական դպրոցի նախագծային աշխատանքները ավարտական փուլում են

13:26 • 21.04.15

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել  Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ վարժարանի  ծրագրի  աշխատանքային խմբի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև աշխատանքների իրականացման ընթացքին հետևելու նպատակով Երևան ժամանած  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության  առևտրի նախարարության միջազգային տնտեսական համագործակցության գործադիր բյուրոյի ղեկավարը:


Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայությունից։


Աշխատանքային խումբը նախարարին տեղեկացրել է, որ ավարտական փուլում են  դպրոցի նախագծային աշխատանքները, զուգահեռաբար ընթացքի մեջ են տարածքում գտնվող նախկին դպրոցի շենքի ապամոնտաժման աշխատանքները, այժմ նախապատրաստվում է  կառուցապատման ծրագրի պայմանագիրը, որը կողմերը կվավերացնեն  առաջիկայում:


Կարևորելով չինական դպրոցի ծրագրի նշանակությունը՝ կրթության, մշակույթի ոլորտում հայ-չինական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից, նախարար Ա. Աշոտյանը գոհունակությամբ արձանագրել է, որ չինական կողմը հետևողականորեն իրագործում է ստանձնած պարտավորությունները:


Միաժամանակ նախարարը հավաստիացրել է, որ հայկական կողմը ևս աշխատանքների կազմակերպման ընթացքում առաջացած բոլոր խնդիրներին պատրաստ է օպերատիվ լուծումներ տալ:


Կողմերն ընդգծել են, որ անհրաժեշտ է համատեղել ջանքերը, որպեսզի չինարենի խորոցված ուսուցմամբ վարժարանի կառուցապատման աշխատանքները մեկնարկեն հնարավորինս սեղմ ժամկետներում:

 

 

Հայաստանում չինական դպրոցի նախագծային աշխատանքները ավարտական փուլում են