«Եղեռնազոհ գրողներ» գիրքը բացահայտում է արևմտահայ գրողների, որոնք մինչ օրս հայտնի չեն հայ հասարակությանը
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը և բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանը հրատարակել են «Եղեռնազոհ գրողներ» գիրքը, որտեղ ներկայացված են Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության տարիներին ստեղծագործողները։ Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արքմենիկ Նիկողոսյանը, գրքում ներկայացված է եղեռնազոհ 31 գրող, որոնցից 21-ը հանրությանը անծանոթ անուններ են։
«Սա մոտ երկու տարվա աշխատանք է, ամենամեծ ջանքերը պահանջել է գրողների անունների ճշգրտումը ու տեքստերի պատրաստումը։ Հակասական տվյալներ են ի հայտ գալիս, ու տարբեր աղբյուրներ մահվան տարբեր պատճառներ են նշում։ Արևմտահայ մամուլը եղել է մեր հիմնական աղբյուրը։ Ի դեպ նշեմ, որ եղեռնազոհ են եղել ոչ միայն արևմտահայ գրողներ, այլ նաև Արևելյան Հայաստանում ծնված գրողներ, որոնք այդ ժամանակաշրջանում գտնվել են և աշխատել են Արևմտյան Հայաստանում, օրինակ՝ Գարեգին Խաժակ և այլն։ Աշխատանքը արել ենք հաճույքով, քանի որ անհայտ գրողների մասին ինչ-որ նյութեր գրողները հրճվանք էր»,-ասաց նա։
Արքմենիկ Նիկողոսյանն ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության հետևանքով վերացել է մոտ 300 անուն տպագիր թերթ ու ամսագիր, ինչը նշանակում է, որ այդ տարիներին Արևմտյան Հայաստանում ստեղծագործել են բազմաթիվ մարդիկ։
«Մենք չենք ճանաչում այդ գրողներին, ու սա մշակութային մեծ բաց է, որին պետք է լծվենք բոլորս։ Մեզանում թյուր պատկերացում կա, որ եղեռնազոհ են 1915թ-ին սպանված գրողները, բայց հաջորդ տարիներին սպանվածները ևս եղեռնազոհ են։ Այս նախաձեռնությունը շարունակական է լինելու ու թարգմանվելու է տարբեր լեզուներով, այդ թվում՝ նաև թուրք հրատարակիչներից մեկն է ցանկություն հայտնել թարգմանել»,-ասաց նա և ավելացրեց, որ գիրքը լույս է տեսել 400 օրինակով։
Հարցին, թե գեղարվեստական ի՞նչ արժեք են ներկայացնում անհայտ գրողների ստեղծագործությունները, Արքմենիկ Նիկողոսյանը պատասխանեց. «Իհարկե դրանք միարժեք չեն ու չի կարելի բոլորին համեմատել Սիամանթոյի կամ Դանիել Վարուժանի հետ, բայց իրենք էլ մի շյուղ դրել են արևմտահայ գրականության մեջ։ Օրինակ մի գրող կա՝ Փայլակ Ժաքսայապալյան անունով, նա հաճախ է քննադատել Միսակ Մեծարենցին ու դրա համար հաճախ չի սիրվել։ Բայց պարզվեց, որ նա շատ լավ գրող է, լավ քննադատ ու թարգմանիչ։ Ընդհանուր առմամբ, այս գրողների աշխատանքների արժեքայնությունը հետո կարելի է քննարկել»։










