100-ամյակի միջոցառումներին մեր կայքերի պաշտպանությունը ուժեղ էր, և այստեղ հաղթող ենք. Սամվել Մարտիրոսյան

13:27 • 27.04.15

Այսօր տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, մամուլի ասուլիսին անդրադառնալով  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանում թուրքական և ադրբեջանական հաքերների կողմից իրականացրած կիբերհարձակումներին, ասաց, որ այդ հարձակումներն այնքան էլ ուժեղ չէին, ինչպես սպասվում էր, և շատ բաներ աննկատ են անցել: Նա նշեց, որ մոտավորապես 250 կայք են կոտրել, որտեղ նշել էին, թե հայերը ստում են, սակայն այդ կայքերը հայկական չեն եղել:

Իսկ ինչ վերաբերում է հայկական կայքերը կոտրելուն, ապա նա ասաց, որ ադրբեջանական հաքերային խմբերի կողմից կոտրած կայքերն այնքան էլ հայտնի չէին:

«Ադրբեջանական հաքերները շատ օգտակար են հայկական համացանցը ճանաչելու համար»,-ասաց նա և նկատեց, որ երբեմն կոտրելուց հետո ես իմանում, որ այդպիսի կայք գոյություն ունի:

Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ փոխարենը նկատվել են DDOS  հարձակումներ, ինչին կարճ ժամանակ ենթարկվել է նաև  Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի պաշտոնական կայքը:

«Հայկական կողմը շատ ուժեղ պատրաստվել էր, բոլորը սպասում էին նման հարձակումների և ճիգեր էին գործադրել: Տեղեկատվական հիմնական կայքերը լուրջ պաշտպանված էին»,-ասաց նա և նշեց, որ շատ կարևոր է, որ փաստացի չկարողացան խոչընդոտել տեղեկատվական հոսքերը:

«Միանշանակ կարելի է ասել, որ պաշտպանությունը ուժեղ էր և այստեղ հաղթող ենք»,-ասաց նա և անդրադառնալով հայկական կողմի հարձակումներին՝ նկատեց, թե այս անգամ հայկական հաքերային խմբերը շատ ագրեսիվ էին գործում:

«Ես սպասում էի, որ մենք կտուժեինք, բայց փաստացի հակառակը եղավ»,-ասաց նա:

 

100-ամյակի միջոցառումներին մեր կայքերի պաշտպանությունը ուժեղ էր, և այստեղ հաղթող ենք. Սամվել Մարտիրոսյան