Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը համացանցում աննախադեպ աճել է. Սամվել Մարտիրոսյան

13:54 • 27.04.15

Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը համացանցում աննախադեպ աճել է. այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով համացանցում Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումների արձագանքին:


«Google-ում «Հայաստանը որտեղ է», «Հայոց ցեղասպանություն»՝ այսպիսի բանալի բառերի գործածումը երկուսից չորս անգամ աճել է»,-ասաց նա:


Նա նկատեց, որ Twitter-ի ողջ պատմության մեջ երկու-երեք անգամ է եղել, որ հայկական որևէ թեմա հայտնվել է քննարկման մեջ, բայց այս անգամ հայկական թեման  top թեմաների մեջ էր՝ Գերմանիայի,  Ֆրանսիայի,  Իսրայելի՝ ամբողջ աշխարհի մակարդակով, ինչպես նաև Ռուսաստանում թիվ մեկ թեման է եղել երկար ժամանակ:


«Թուրքիայում ֆլեշմոբ սկսվեց, որով ներողություն էին խնդրում ցեղասպանության համար և դա քննարկման ենթարկվեց: Հաջորդ օրը Հայոց ցեղասպանության հարցը դարձավ Թուրքիայում թիվ մեկ թեմա, հազվադեպ է լինում, որ մեկ  թեմա երկար ժամանակ մնում է քննարկման մեջ, իսկ այս թեման երկար մնաց»,-ասաց նա  նկատեց, որ թուրքական ներքին թվիթերում լուրջ պայքար էր գնում, և ազգայնականները, ադրբեջանցիները փորձում էին դիմադրել:


Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ երբեմն ադրբեջանցիները ցանկանում են «ավելի կաթոլիկ լինել, քան Հռոմի պապն է» և ցեղասպանության ժխտման հարցում մեծ աշխատանք են տանում:
 

«Բայց, երբ ցունամիի պես ալիքը գալիս է, դրա դեմ բարդ է պայքարել»,-ասաց նա և նշեց, որ  ծանրակշիռ դեմքերի՝ Հայաստան գալը մեծ դեր ունեցավ, և այս ամեն ինչի դեմ աղբ լցնելն այնքան էլ չաշխատեց:


Ինչ վերաբերում է Google-ին, ապա նա ասաց,  Google-ում ողբերգական թեմաներ չեն լինում, սակայն ընկերությունը առաջին էջում տեղադրած սև ժապավենով լուծում տվեց, թեև այն զանգվածը, որը կարող էր դա տեսնել սահմանափակ էր՝ միայն .am-ի այցելուները:


 

Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը համացանցում աննախադեպ աճել է. Սամվել Մարտիրոսյան