ԵՊՀ-ում բացվել է Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոն, որը կզբաղվի նաև գտածոների հետազոտությամբ
Համաշխարհային բանկի տրամադրած դրամաշնորհային ծրագրերի շրջանակում ԵՊՀ-ում ստեղծվել է Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոն, որի բացումը կատարվեց այսօր՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:
Կենտրոնի տնօրեն Նելլի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ երկու տարիների ընթացքում կատարված աշխատանքների շնորհիվ կենտրոնը համալրվել է նորագույն ժամանակակից սարքավորումներով, և կենտրոնի առաքելությունն է կամուրջներ ստեղծել կրթության, գիտության և արտադրության միջև:
«Կենտրոնը իրականացնում է ինչպես մագիստրոսական կրթական ծրագրեր, «Կիրառական կենսաբանության» և «Կենսահնագիտության» ոլորտում և համապատասխանաբար հիմնարար և կիրառական ոլորտների հետազոտություն: Ներդնելով գերժամանակակից տեխնոլոգիաներ՝ մենք հնարավորություն ենք ստանում հետազոտություններ իրականացնել գենետիկական նյութի ուսումնասիրության, գեների հայտնաբերման, ԴՆԹ անջատման, գյուղատնտեսության և սննդամթերքի անվտանգության, պարենի անվտանգության ապահովման ոլորտներում»,-ասաց նա:
Կենտրոնի տնօրենը նաև նշեց, որ կենտրոնի առանձնահատկությունը նրանում է, որ այստեղ հնարավոր է դարձել միավորել հնագիտության և կենսաբանության ոլորտները և ստեղծել մի համակարգ, որը թույլ է տալիս ուսումնասիրել բոլոր գտածոները:
«Կարևոր է, որ կենտրոնում ընթանում են հետազոտություններ հիմնականում խաղողների գենետիկական ռեսուրսների ուսումնասիրության ոլորտում: Արդեն սկսել ենք ժամանակակից խաղողների գենետիկական անձնագրավորման, նրանց գենետիկական ռեսուրսների ուսումնասիրման աշխատանքները: «Արենի» քարանձավային համալիրում հայտնաբերված հնագույն խաղողի գենետիկական առանձնահատկությունների ուսումնասիրություն է իրականացվում»,-ասաց նա:
Նշենք, որ կենտրոնում ներկայումս աշխատում են հիմնական 7 աշխատող և 10-ից ավելի հրավիրյալներ:












