Եթե մարդկությունը չլքի Երկիրն առաջիկա 1000 տարվա ընթացքում, ապա նրա վերջը կգա. Սթիվեն Հոքինգ

09:00 • 29.04.15

Անմխիթար կանխատեսում է արել Սթիվեն Հոքինգը Սիդնեյի օպերային թատրոնում ելույթի ժամանակ, գրում է Обозреватель-ը։

 

Աստղաֆիզիկոսը վստահ է, որ եթե մարդկությունը չլքի Երկիրն առաջիկա 1000 տարվա ընթացքում, ապա նրա վերջը կգա։ Հարկ է նշել, որ անձամբ Սթիվենն այդ ժամանակ եղել է Քեմբրիջի համալսարանում, իսկ նրա անունից ելույթ է ունեցել հոլոգրաման։

 

«Հանուն մարդկության մենք պետք է շարունակենք տիեզերքի ուսումնասիրությունը։ Կասկածում եմ, որ մարդկությունը կարող է ողջ մնալ, եթե առաջիկա 1000 տարում չլքի մեր փխրուն մոլորակը»,- նշել է գիտնականը։

 

Նա նաև հիշատակել է ժամանակի կառուցվածքի, Տիեզերքի և նրանում սև խոռոչների մասին։

 

«Փորձե՛ք գիտակցել տեսած ամեն ինչ, հետաքրքրվե՛ք այն պատճառներով, որոնցով Տիեզերքը գոյություն ունի։ Եղե՛ք հետաքրքրասեր, և հիշե՛ք, որ որքան էլ բարդ լինի կյանքը, միշտ էլ կա մի բան, որտեղ կարելի է հաջողության հասնել»,- ասել է Հոքինգը։