Գերմանիայում ահաբեկչություն է կանխվել. ԶԼՄ-ներ
Այս գիշեր գերմանական Օբերուրզել քաղաքում գերմանական ոստիկանությունը խուզարկումներ է անցկացրել ենթադրյալ իսլամիստների բնակարանում, որտեղ զենք է հայտնաբերվել, գրում է korrespondent.net-ը:
Բնակարաններում հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր, դետոնատորներ, հրացան և փամփուշտներ: «Ոստիկանությունը կանխել է ահաբեկչական գործողություն»,- նշում է Welt թերթը:
Տեղի ոստիկանությունում այդ տվյալները հաստատում են միայն մասամբ: «Ես կարող եմ ասել, որ ձերբակալվել է երկու մարդ, ենթադրյալ իսլամիստներ: Քննության շահերից ելնելով՝ ես իրավունք չունեմ հավելյալ տեղեկություններ ներկայացնել»,- հայտարարել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Մարկուս Հոֆմանը:
Նախապատրաստվող ահաբեկչության մասին տեղեկությունները մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան՝ նա հայտարարել է. «Ես դա չեմ հաստատում և չեմ հերքում»:










