2015 թ. առաջին եռամսյակում ծնվել է 9 452 երեխա, որոնցից 3 608-ը՝ Երևանում
Երևանում ծնելիության մակարդակն ավելի բարձր է, քան ընդհանուր միջին հանրապետական թիվը. այս մասին ապրիլի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՀՀ ազգային վիճակագրության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
«Հայաստանում 2015 թ. առաջին եռամսյակում ծնված երեխաների քանակը կազմել է 9452, նախորդ տարվա 9637-ի համեմատ: Դա նշանակում է, որ 1000 բնակչի հաշվով նշված ժամանակահատվածում ծնվածների քանակը կազմել է 12,7 պրոմիլի, իսկ անցած տարի նույն ժամանակահատվածի 13 պրոմիլի համեմատ», - ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ ասել է Կարինե Կույումջյանը:
ՀՀ ազգային վիճակագրության ծառայության համաձայն՝ 2015 թ. առաջին եռամսյակում ծնված երեխաների քանակը կազմել է 9452 երեխա, որոնցից 3 608-ը ծնվել են Երևանում, 439-ը՝ Արագածոտնում, 851-ը՝ Արարատում, 795-ը՝ Արմավիրում, 644-ը՝ Գեղարքունիքում, 692-ը՝ Լոռիում, 847-ը՝ Կոտայքում, 763-ը՝ Շիրակում, 348-ը՝ Սյունիքում, 141-ը՝ Վայոց ձորում, 324-ը՝ Տավուշում:
ՀՀ ազգային վիճակագրության ծառայության ներկայացուցիչը հավելել է, որ 2015թ. հունվար-մարտին 2014թ. ժամանակահատվածի հետ համեմատ արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերի նվազում`3.7%-ով:
2015թ. հունվար-մարտին հանրապետությունում արձանագրվել է 0-4 տարեկան երեխաների մահվան 94 դեպք, որի կառուցվածքում մինչև 1 տարեկան երեխաների մահացության դեպքերը կազմել են 83 %:










