ՆԱՍԱ-ն լուսանկարել է Պլուտոնի բևեռային «գլխարկը»
ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունը` ՆԱՍԱ-ն, տիեզերք արձակված New Horizons սարքի միջոցով կարողացել է լուսանկարել և ուսումնասիրել Պլուտոն գաճաճ մոլորակի բևեռային «գլխարկը»:
Ամերիկացի գիտնականները ենթադրում են, որ «գլխարկը», որն իրենից ներկայացնում է բաց գույնի կետ, կարող է լինել մոլեկուլյար ազոտից գոյացած ձյան շերտ: Ապրիլի 12-19-ն ընկած ժամանակահատվածում արված կադրերում ակնհայտ երևում է Պլուտոնի բևեռային հատվածում առկա բաց գույնի կետը, որը տարբերվում է մոլորակի մակերևույթի մյուս հատվածներից:
ՆԱՍԱ-ի ներկայացուցիչների խոսքերով՝ այս տեսակետը հաստատել կամ հերքել հնարավոր կլինի հուլիսին, երբ New Horizons-ն ավելի մոտ տարածության վրա կգտնվի Պլուտոնից: Հայտնի է, որ հուլիսի 14-ին սարքը Պլուտոնից կգտնվի 12.500 կմ հեռավորության վրա: Աղբյուրը մանրամասնում է, որ Պլուտոնի և Երկիր մոլորակի միջև ընկած հեռավորությունը 5 մլրդ կմ է:










