Ադրբեջանը պետք է ազատի բանտից 12 լրագրողների և բլոգերների. ԱՄՆ պետդեպ

09:42 • 01.05.15

ԱՄՆ-ն կարծում է, որ Ադրբեջանի իշխանությունները չեն կատարում իրենց պարտականությունները քաղաքացիական իրավունքի և ազատության ոլորտում, մասնավորապես՝ կարծիք հայտնելու ազատության ոլորտում, և անարդարացիորեն կալանավորել են 12 լրագրողների և բլոգերների, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։


Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը։
«Ադրբեջանում 12 լրագրողներ և բլոգերներ ձերբակալվել են կամ հայտնվել են ճաղերի ետևում կառավարության հրամանով։ Նրանց թվում է Գիլալ Մամեդովը, ով բանտում է գտնվում 2013-ից»,- ասել է Հարֆը։


«Մենք կոչ ենք անում անհապաղ ազատել Մամեդովին, ինչպես նաև մյուս լրագրողներին և բլոգերներին, ովքեր բանտում են հայտնվել միայն նրա համար, որ օգտվել են իրենց կարծիքն ազատ արտահայտելու իրավունքից։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել նմանատիպ հետապնդումները և այլ տեսակի ճնշումները անկախ ԶԼՄ-ների հանդեպ և կատարել իրենց պարտականությունները կարծիք հայտնելու ազատության ոլորտում»,- հայտարարել է պետդեպի ներկայացուցիչը։