Բելգիայի խորհրդարանի թուրք պատգամավորից կպահանջեն բացատրություն տալ Ցեղասպանության զոհերի հիշատակը չհարգելու համար
Բելգիայի դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատն ապրիլի 30-ին նիստի մեկնարկից առաջ մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, գրում է La Libre թերթը: Այս որոշումն ընդունվել էր խորհրդարանականներ Ֆրանսուազ Շեպմանսի և Դենիս Դյուքարմեի համատեղ առաջարկով:
Թերթը հիշեցնում է, որ Բելգիայի Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, մինչդեռ դաշնային կառավարությունը երբեք դիրքորոշում չի հայտնել հարցի վերաբերյալ:
Ներկայացուցիչների պալատի այս ժեստը տեղի է ունեցել Բրյուսելի խորհրդարանում այդ հարցի վերաբերյալ բանավեճից մեկ շաբաթ անց, երբ երեք պատգամավորներ դեմ են հանդես եկել լռության րոպեին:
«Հարյուր տարի առաջ տեղի է ունեցել այն, ինչ կոչվում է Հայոց ցեղասպանություն: Մենք այն հիշելու բարոյական պարտավորություն ունենք»,- ասել է Պալատի նախագահ Զիգրֆրիդ Բրակն իր ելույթում:
Թերթը նշում է, որ Սոցիալիստական կուսակցության թուրքական ծագումով 2 պատգամավորներ՝ Օզլեմ Օզենը և Նավալ Բեն Համուն, ներկա են եղել հայտարարված 1 րոպե լռությանը:
Սա շարունակում է զգայուն թեմա մնալ Բելգիայի թուրքական համայնքի համար, գրում է թերթը՝ նշելով, որ թուրքական ծագմամբ մի քանի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Սան Խոսեի քաղաքապետ Էմիր Քիրը, ներկա չեն եղել խորհրդարանում հայտարարված լռության րոպեին: Բելգիայի սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղարն իր մոտ կկանչի կուսակցության պատգամավոր Էմիր Քիրին, և նրա բացակայության վերաբերյալ բացատրություն կպահանջի: Այդ մասին հայտնել է Սոցիալիստական կուսակցության նախագահ Էլիո Դի Ռուպոն:
Ֆրանսալեզու սոցիալիստների նախագահը հիշեցրել է այս հարցի վերաբերյալ իր կուսակցության հստակ դիրքորոշումը: Սոցիալիստական կուսակցությունն է նախաձեռնել 1998 թվականի խորհրդարանական բանաձևը, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և պահանջում Թուրքիայի կառավարությանը նույնպես ճանաչել այն:
«Տարբեր կուսակցություններից բացականեր են եղել, բայց դա չի նվազեցնում Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ մեր վճռականությունը»,- հավելել է Էլիո Դի Ռուպոն:
Կուսակցության նախագահն օրեր առաջ իր կուսակցության անունից հայտարարել է, որ «Ցեղասպանությունն անվիճելի փաստ է»:
Թերթը նշում է, որ Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանավեճը կրկին վերադառնալու է Ներկայացուցիչների պալատի օրակարգ, քանի որ «Ժողովրդավարական ֆեդերալիստ ֆրանկոֆոնների» կուսակցությունը Հայոց և Ռուանդայի ցեղասպանությունների, ինչպես նաև բոլոր միջազգային ճանաչված ցեղասպանությունների ժխտման համար պատիժ նախատեսող օրինագիծ է ներկայացրել:
Բրյուսելի մայրաքաղաքային շրջանի խորհրդարանում նույնպես «Ժողովրդավարական ֆեդերալիստ ֆրանկոֆոնների» կուսակցությունը պատրաստում է փաստաթուղթ, որը նախատեսում է Հայոց ցեղասպանության ճանաչումը շրջանի և Բելգիայի ֆրանսիական համայնքի մակարդակով:










