ԱԺ-ում ոչ պրոֆեսիոնալ, ազգադավ և անբարոյական քննարկումներ են ընթանում Ատոմակայանի հարցով. գիտնական
ԱԺ-ում քննարկումները ոչ պրոֆեսիոնալ են, ազգադավ և անբարոյական: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց տեխնիկական գիտությունների գծով դոկտոր-պրոֆեսոր Վահան Համազասպյանը:
«Ոչ մեկս շատ բան չգիտենք, բայց Ատոմակայանի հարցում երկար տարիներ ես եմ եղել մասնագետը, դեռ սովետական տարիներից: Երբ որ այդ հարցերից մարդիկ են խոսում, որ ոչինչ չեն հասկանում, Մելքումյանը հարց է տալիս է, թե ի՞նչ ռիսկեր կան ներդրումների հետ կապված, միթե՞ նա չգիտի, որ Ատոմակայանի պարագայում ներդրումների հարցն այնքան կարևոր չէ, ինչքան պայթյունի վտանգը, ի՞նչ կլինի, եթե պայթի»,-ասաց գիտնականը:
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովը քննարկում էր Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների միջև Մոսկվայում ստորագրված Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին համաձայնագիրը։
Հիշեցնենք, որ «Հանրապետական» խմբակցության անդամ Խորով Հարությունյանն իր ելույթի ժամանակ ասել էր, թե Ատոմակայանի փակման խնդիրները լուծվել են քաղաքական, քաղաքացիական հուժկու ճնշման տակ. «Մեր ժողովուրդն է փակել՝ ՀՀՇ-ի նախաձեռնությամբ: Սա իրողություն է, պատմական փաստ: Փակվել է և՛ Ատոմակայանը, և՛ «Նաիրիտը»: Հետո, երբ տեսան, որ մայրերը երեխաներին մեծացնում էին ծայրաստիճան խավարի մեջ, Վազգեն Մանուկյանը ստանձնեց ատոմակայանը գործարկելու պատասխանատվությունը, նա ստանձնեց համարձակություն այդ պայմաններում հայտարարել Ատոմակայանը գործարկելու անհրաժեշտության մասին»։
Գիտնականը , ով կարծում է, որ պետք է մեր «ատոմակայանի ճակատը համբուրել և նորը կառուցել», ավելացրեց. «Խոսրով Հարությունյանը ևս հայտնի ճառասան է, սակայն համաձայն է, որ Ատոմակայանի կանքը 5-10 տարով երկարացվի մինչև 16 թվականը, բայց եթե գումարեք տասը, կլինի 2026 թիվը: Մեր Ատոմակայանը իր բարի դերն ունեցավ Հայաստանի տնտեսության զարգացման մեջ, բայց պետք է այս Ատոմակայանի ճակատը համբուրել և նորը կառուցել: Ինչ-որ կապված է մի ամբողջ ազգի անվտանգության հետ, ինչքան էլ գումար անհրաժեշտ լինի, պետք է կառուցվի»:
Վահան Համազասպյան կասկածում է, որ վերանորոգումից հետո Ատոմակայանի անվտանգությունը կերաշխավորվի և ասում է. «Եթե մարդը քնած է, միևնույն է՝ ծերանում է, անիմաստ է վերանորոգմամբ ևս տասը տարի ավելացնել կյանքի տևողությունը»:
Հաջորդ կարևոր հարցն ըստ գիտնականի, թե ովքե՞ր են կատարելու վերանորոգման աշխատանքները. պատգամավորների ելույթներից հասկացել է , որ ֆրանսիացիները, այլ ազգի ներկայացուցիչներն են որոշում հուսալիության աստիճանը:
«Թվերը չկան, սա քաղաքական գործիչների գործը չէ, սա պահանջում է համապատասխան գիտելիքներ, քանի որ տեխնիկան կարող է վերանորոգումից հետո 30 տարին էլ ծառայել, բայց հավանականությունը, որ չի դիմանա ցնցումներին, ավելի մեծ է»,-ասաց Վահան Համազասպյանը:
Նրա խոսքով՝ դրսից պետք է անպայման հայ մասնագետների հրավիրել, որոնք սրտացավ մոտեցում կունենան:
Գիտնականը զբաղվում է այլընտրանքային էներգիայի աղբյուրների հայթայթման նախագծերով, քանի որ պոտենցիալ է տեսել այստեղ և ծրագրում է Սփյուռքում և Սպիտակի աղետի գոտում մշակել հելիոֆիակացման գործարանների նախագծեր: Ըստ նրա՝ արևից Հայաստանում հնարավոր է ստանալ այնքան էներգիա, որքան 2 ատոմակայանից։
Ամփոփելով՝ նա ասաց, որ Ատոմակայանի հետ այդ «խաղերն» իրեն բոլորովին դուր չեն գալիս. «Գողերը կարող են գողանալ, բայց ոչ Ատոմակայանի և երկրաշարժի միջոցով։ Եվ Ատոմակայանն այնքան վտանգավոր չէ, ինչքան այն չինովնիկները, որ կառավարում են այդ գործընթացները»:










