Ուշագրավ է, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը նախատեսվում է հենց Արցախի ընտրություններից հետո. Ալ. Մարգարով

15:49 • 01.05.15

Ուշագրավ է այն փաստը, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը նախատեսվում  է հենց Արցախում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո:


Այս մասին այսօր  Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, որտեղ նշվում է, թե  արտաքին գործերի նախարարները համաձայնել են կրկին հանդիպել միմյանց՝ համանախագահների մասնակցությամբ՝  ձևակերպելու համար Հայաստանի և Ադրբեջանի նախագահների  հանդիպման օրակարգը:

 

Քաղաքագետը նշեց, որ թեև ադրբեջանական կողմը կարող է ասել, որ ոչ մի ընտրություն չի ճանաչում և  դրանք անց են կացվել ոչ օրինական ձևով, սակայն նախագահների հանդիպումը ինքնին ցույց է տալիս, որ հայկական կողմից բերված փաստարկները  համոզիչ են նաև միջազգային հանրության համար: 


«Այն փաստը, որ ընտրություններ են անցկացվելու, ևս մեկ անգամ ցույց է տալիս է Արցախի ժողովրդավարական լեգիտիմությունը, և գոյություն ունեցող պետականությունն ընկալվում  է որպես դե ֆակտո կայացած փաստ»,-ասաց նա:
 

Ալեքսանդր Մարգարովը նկատեց նաև, որ Արցախում սպասվող ընտրություններին միջազգային հանրությունից դիտորդներ կլինեն, և թեև միջազգային կառույցներն այն լեգիտիմ չեն ճանաչելու, սակայն դիտորդների առկայությունը շատ կարևոր է:
 

Հիշեցնենք, որ մայիսի երեքին Արցախում սպասվում են խորհրդարանական ընտրություններ: