Որքա՞ն հաճախ մենք պետք է նախարար փոխենք. Վրաստանի նախագահը հետաձգել է կառավարության կազմը հաստատող որոշման ստորագրումը

14:04 • 01.05.15

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մեկ շաբաթով հետաձգել է կառավարության նոր կազմը հաստատող փաստաթղթի ստորագրումը, որն այսօր իրեն է ներկայացրել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը։

 

«Վերջին մի քանի օրերի ընթացքում մենք նախարարների հրաժարականների ականատեսը եղանք։ Երբ նախարարներից մեկը հայտարարում է, թե հրաժարական չի տա, սակայն հաջորդ օրը լքում է պաշտոնը։ Երբ դեռ երեկ վարչապետը խոսում էր երկու նախարարների փոփոխության մասին, իսկ այսօր տեղեկանում ենք երեք նախարարների մասին, ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ կառավարությունն աշխատում է ֆորս-մաժորային իրավիճակում»,- հայտարարել է նա՝ հատուկ ճեպազրույցի ընթացքում։

 

Նա հիշեցրել է, որ երկիրը մեծ մարտահրավերների առաջ է կանգնած։ «Ես, որպես գերագույն գլխավոր հրամանատար, ցանկանում եմ հարցնել՝ որքա՞ն հաճախ մենք պետք է պաշտպանության նախարար փոխենք»,- ասել է  նա։

 

Մարգվելաշվիլիի խոսքով՝ ինքը ցանկանում է վարչապետին ու խորհրդարանին հանգիստ պայմաններում խորհրդակցելու ու կառավարության կազմը որոշելու հնարավորություն տալ։