Նեպալին անհրաժեշտ կլինի 2 մլրդ դոլար երկրաշարժից հետո վերականգնողական աշխատանքների համար

14:22 • 01.05.15

Նեպալին անհրաժեշտ կլինի առնվազն 2 միլիարդ դոլար ապրիլի 25-ին տեղի ունեցած 7,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո վերականգնողական աշխատանքների համար: Այդ մասին ուրբաթ հայտարարել է Նեպալի ֆինանսների նախարար Ռամ Շարան Մահաթը, գրում է ТАСС-ը:

 

«Դա միայն նախնական հաշվարկներ են: Աղետի հասցրած վնասը հաշվելու համար դեռ ժամանակ կպահանջվի»,- ասել է նա՝ հավելելով, որ գումարի մեջ է մտնում տների, հիվանդանոցների, կառավարական հաստատությունների, պատմական շենքերի վերականգնումը:

 

Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների ազգային կենտրոնը հայտնել է, որ երկրաշարժն ամբողջությամբ ավերել է ավելի քան 138 հազար տուն և 10 հազար շենք, որոնցում գտնվել են պետական կազմակերպություններ: Վնասվել է նաև 122 հազար տուն և 13 հազար կառավարական կազմակերպություն:

 

Նեպալի երկրաշարժն ամենաուժեղն է եղել վերջին 80 տարվա ընթացքում: Երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 6 հազար մարդ, ևս 13 հազարը վիրավորվել է: