Աղբահանության միջազգային օպերատորը ծառայություն կմատուցի նաև Աջափնյակում. քաղաքապետարան

15:15 • 01.05.15

Մայիսի 1-ից «Sanitek s.a.r.l» ընկերությունը աղբահանության և սանմաքրման ծառայություններ է մատուցում նաև մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում:


Վարչական շրջանի տարածքում նախկին 450 լիտր տարողությամբ թվով  300 հին աղբամանների փոխարեն տեղադրվել են 1100 լիտր տարողությամբ թվով 500 նոր աղբամաններ, որոնք համապատասխանում են սահմանված ժամանակակից չափանիշներին:  


Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։


Աշխատանքներում կներգրավվեն տարբեր տեսակի մեքենասարքավորումներ, որոնց օգտագործմամբ  սանմաքրման և աղբահանության պատշաճ գործառույթներ կիրականացվեն ինչպես գլխավոր ու երկրորդական փողոցներում, այնպես էլ այգիներում ու բակային տարածքներում:


Աջափնյակը մայրաքաղաքի թվով 3-րդ վարչական շրջանն է, ուր «Sanitek s.a.r.l» ընկերությունը աղբահանության և սանմաքրման ծառայություններ է  մատուցում:


Մեկնարկը տրվել էր  2014 թվականի դեկտեմբերի 1-ին` Կենտրոն վարչական շրջանից, այնուհետ, 2015 թվականի մարտի 1 - ից ընկերությունը մասնագիտական գործառույթներ է իրականացնում նաև Դավթաշեն վարչական շրջանում: