Իսպանացի խոհարարը 48 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ գործընկերներին թունավորելու փորձի համար
Իսպանական Խիխոն քաղաքի բարերից մեկի խոհարարի օգնականին 48 տարվա ազատազրկման են դատապարտել։
Ինչպես տեղեկացնում է Лента.ru-ն, նրան մեղավոր են ճանաչել գործընկերներին թունավորելու փորձի համար։
Քննության վարկածով՝ 57-ամյա տղամարդը 2005-2015 թվականներին սննդի մեջ այնպիսի նյութ է լցրել, որը նշանակում են ալկոհոլային կախվածությունը բուժելու համար։
Ալկոհոլային խմիչքներ օգտագործելու դեպքում այդ դեղը մի շարք կողմնակի ազդեցություններ է թողնում՝ ինչպես, օրինակ, սրտխփոց, գլխացավ, սրտխառնոց, կրծքի շրջանում ցավ ու թուլություն։
Քննիչները համոզված են, որ այդ կերպ խոհարարի օգնականն ազատվել է հաստատության այլ աշխատակիցներից, քանի որ նրանց ազատել են աշխատանքից վատ աշխատելու համար։ Ընդհանուր առմամբ տուժել է 19 մարդ։
Իսպանացին դեղամիջոցը գնել է քաղաքի դեղատներից մեկից՝ առանց դեղատոմսի, քանի որ դեղագետի հետ լավ հարաբերություններ է ունեցել։ Մեղադրյալը մեղքը չի ընդունել, սակայն դեղատան աշխատակիցը պատմել է, որ ամբաստանյակը 2013 թվականից ի վեր պարբերաբար եկել է դեղ գնելու։
Բացի ազատազրկումից՝ տղամարդուն պարտադրել են 43.580 եվրո փոխհատուցում տրամադրել տուժածներին, ինչպես նաև տուգանք՝ 17.091 եվրոյի չափով։










