Ստամբուլում հայ որբերի պատմական ճամբարը կոչնչացվի՝ շքեղ նորակառույցների համար

11:01 • 02.05.15

Ստամբուլի Թուզլա արվարձանում գտնվող հայ որբերի նախկին ամառային ճամբարը մայիսի վերջին կքանդվի՝ այդ վայրում շքեղ տներ կառուցելու նպատակով, գրում է asbarez.com-ը՝ վկայակոչելով Today’ Zaman-ին:

 

1963 թվականին բացված «Արմեն» ճամբարում իր ամառային հանգիստն է անցկացրել ընդհանուր առմամբ 1500 որբ երեխա, որոնց թվում է եղել նաև լրագրող Հրանտ Դինքը: Դինքը, ով շատ նվիրված է եղել ճամբարին, ոչ միայն երեխա ժամանակ է այցելել այնտեղ, այլև ավելի ուշ դարձել ճամբարի խորհրդական: Այդտեղ է նա հանդիպել իր կնոջը՝ Ռաքել Դինքին:

 

Դատարանը 1974 թվականին որոշել է, որ «փոքրամասնությունների հիմնադրամները չեն կարող սեփականություն ունենալ»: 1983 թվականին ճամբարը փակվել է և փոխանցվել նախկին տիրոջը՝ չնայած ճամբարի սեփականատեր հանդիսացող և այն աշխատեցնող Գեդիքփաշայի հայ բողոքական եկեղեցու ներկայացրած դատական հայցին:

 

Կիրակի օրը հայկական համայնքի անդամներն այցելել են լքված ճամբարը և այն գտել բարձիթողի վիճակում: Նրանք հավաքել են աղբը և հոգ տարել այգու մասին:

 

Հայ համայնքի անդամները, ինչպես նաև ճամբարի նախկին այցելուները և «Նոր Զարթոնք» քաղաքացիական հասարակության խմբի ակտիվիստները դեռևս լուծում են փնտրում պատմականորեն կարևոր և սիրված ճամբարի ոչնչացումը կանխելու համար: