ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն ավելի քան 100 միջազգային դիտորդներ. Արցախում լռության օր է

11:01 • 02.05.15

Ավարտվել է ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Համաձայն ԼՂՀ Ընտրական օրենսգրքի՝ այսօր լռության օր է, քանի որ ընտրությունների օրը մայիսի 3-ն է:

 

Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը նշեց, որ ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն են իրականացնելու 100-ից ավելի միջազգային դիտորդներ և 110 տեղական դիտորդներ:


«Հավատարմագրումը այսօր դեռ շարունակվում է և նրանց թիվը հստակ կարելի կլինի ասել այսօր, բայց ավելի ուշ: Բայց կարող եմ նշել, որ Ֆրանսիայից պատվիրակություն ունենք, ԱՄՆ-ից, ինչպես նաև Գերմանիայից»,- ասաց նա:


Սրբուհի Արզումանյանը նաև տեղեկացրեց, որ ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու են միջազգային ու տեղական շուրջ 40 լրատվամիջոցների 90-ից ավելի լրագրողներ:


Հիշեցնենք, որ ԼՂՀ Ազգային ժողովի 33 մանդատները վիճարկում են 7 կուսակցություն և 46 քաղաքացիներ: Խորհրդարանի մանդատներից 22-ը համամասնական են: Մասնակից կուսակցություններն են՝ «Ազատ հայրենիք», «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը», «Ազգային վերածնունդ», Կոմունիստական կուսակցություն, «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Շարժում 88» և «Խաղաղություն և զարգացում» կուսակցությունները: