Կանադայում 91-ամյա տատիկին տուգանել են 121 դոլարով՝ իր ճոճաթոռի առաջացրած աղմուկի պատճառով
Կանադական Սակենե փոքր քաղաքի ոստիկանությունը տեղի 91-ամյա բնակչուհի Իվետ Վաշոնին տուգանել է 121 դոլարով՝ իր ճոճաթոռի առաջացրած աղմուկի պատճառով, գրում է ТАСС-ը:
Ոստիկանություն տատիկի դեմ բողոք է ներկայացրել նրա հարևանը, իսկ կանչին արձագանքած իրավապահները տուգանել են թոշակառու տատիկին «լռության ռեժիմը» խախտելու համար, որի կանոնները գրված են «բազմաբնակարան շենքերում հարևանության մասին» օրենքում:
«Խեղճ կնոջը տուգանել են հենց այդ չարաբաստիկ բազկաթոռի մեջ, երբ նա երեկոյան հեռուստացույց էր դիտում»,- լրագրողներին պատմել է նրա փաստաբան Շառլ Կանտենը:
Նա հստակեցրել է, որ Վաշոնը «խախտել է օրենքը» դեռ ապրիլի 17-ին, բայց այն բանից հետո, երբ այդ մասին հայտնի է դարձել մամուլին, տեղի ոստիկանությունը որոշել է վերանայել գործը:
«Ուսումնասիրելով իրավիճակը, հատկապես այն բանից հետո, երբ պատմությունը հայտնվել է բոլոր կանադական ԶԼՄ-ներում, նրանք որոշել են չեղյալ հայտարարել տուգանքը: Մոտ ժամանակներս կիրականացվեն բոլոր անհրաժեշտ գործընթացները, և պատիժը կվերացվի»,- հավելել է փաստաբանը:










