ԼՂՀ արտգործնախարարն ընդունել է «Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն» ՀԿ-ի դիտորդներին
Մայիսի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է «Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն» ՀԿ-ի պատվիրակության անդամներին, ովքեր Արցախ են ժամանել խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։
Ինչպես հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից՝ հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը կարևորել է միջազգային դիտորդների մասնակցությունը Արցախի խորհրդարանական ընտրություններին՝ ընտրական համակարգի կատարելագործման և ժողովրդավարության ամրապնդման համատեքստում։
Կողմերը համոզմունք են հայտնել, որ խորհրդարանական ընտրությունները ևս մեկ հնարավորություն են ստեղծում՝ հաստատելու Արցախի ժողովրդի հավատարմությունը մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին։










