Դամասկոսում իր աշխատանքն է վերսկսել զբոսաշրջային գնացքը

11:27 • 02.05.15

Դամասկոսի իշխանությունները վերսկսել են Սիրիայի մայրաքաղաքն արվարձանների հետ կապող զբոսաշրջային գնացքի երթևեկությունը՝ պաշարված քաղաքի բնակիչներին հույս ներշնչելու համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ինչպես հայտարարել է գնացքի վերադարձը նախաձեռնող պաշտոնյաներից մեկը՝ Զուհեյր Հալիլը, այդ որոշումը կարող է «մարդկանց դեմքին ժպիտը վերադարձնել»:

 

Տարիներ շարունակ տեղի բնակիչներն օգտվել են այդ գնացքից հանգստյան օրերին Դամասկոսի «կանաչ» արվարձանները գնալու համար, սակայն գնացքի երթևեկությունը դադարեցվել է 2011 թվականին քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո: Նախկինում քաղաքացիների հանգստի վայրերն այժմ ավերված են կատաղի մարտերի և օդային հարվածների հետևանքով:

 

Ուրբաթ օրը երկար դադարից հետո գնացքի մեկնարկը տասնյակ մարդկանց է գրավել: Սակայն ուղեգիծը որոշ փոփոխությունների է ենթարկվել: Գնացքը շարժվելու է միայն այն շրջաններով, որոնք գտնվում են Սիրիայի կառավարության հսկողության ներքո: