ԱՄՆ-ն դիտարկում է ՌԴ-ի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու հնարավորությունը
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով ԱՄՆ-ն դիտարկում է Ռուսաստանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու հնարավորությունը, գրում է lenta.ru-ն:
Նմանատիպ հայտարարություն է արել Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
«Ցավոք, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը շարունակում է չկատարել Մինսկի համաձայնագրով նախատեսված պարտավորությունները»,- հայտարարել է նա:
Էռնեստի խոսքով՝ Վաշինգտոնն այդ կապակցությամբ «հիասթափված» է:
Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է համագործակցել եվրոպացի գործընկերների հետ՝ Մոսկվայի նկատմամբ «տնտեսական ճնշումներ» գործադրելու նպատակով:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը չի կարող համաձայնել Ուկրաինայում խաղաղարարներ տեղակայելուն, նա նշել էր, որ հարկավոր է հակամարտության կողմերի համաձայնությունը:
«Բանն այն է, որ երբեք ռուսական կողմը չի վիճարկել խաղաղարարների գաղափարը: Բայց և համաձայնել դրան ո՛չ ռուսական կողմը, ո՛չ մեկ այլ կողմ, որը երաշխավորում է Մինսկի համաձայնագիրը, չի կարող: Որովհետև դրան առաջին հերթին պետք է լինի հակամարտության կողմերի համաձայնությունը: Այսինքն՝ ա՝ Կիև, բ՝ Դոնբաս»,- ասել էր Պեսկովը:










