Նախատեսվում է կենդանաբանական այգու այցելուների թիվը կրկնապատկել՝ հասցնելով 500 հազարի

15:30 • 02.05.15

2014 թվականին Երևանի կենդանաբանական այգի է այցելել գրեթե 250 հազար մարդ: Այս տարի ակնկալվում է ունենալ 300 հազար այցելու, իսկ առաջիկա 3 տարիներին այդ թիվը հասցնել 500 հազարի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:


Ավանդաբար կենդանաբանական այգու տարեշրջանի բացումը լինում է մայիսի 1-ին, իսկ այս տարի այն կլինի հունիսի 1-ին:


«Մայիսի 1-ին բացումը կատարելու ավանդույթի խախտման պատճառը վերանորոգման լայնածավալ աշխատանքների իրականացումն է: Վերջին մեկ տարում այգում կատարվել են կապիտալ շինարարական աշխատանքներ: Ամբողջությամբ փոխվել են 70 տարվա հնության ենթակառուցվածքները, այդ թվում՝ հոսանքալարեր, կոյուղագծեր, գազատար և ջրատար խողովակները: Անհամեմատ ընդարձակվել է այգու տարածքը՝ նախկին 6 հա տարածքից ներկայում այն դարձել է 15 հա, ավելին, առաջիկա 5 տարում նախատեսվում է այգու մակերեսը մեծացնել ևս 20 հեկտարով՝ հասցնելով այն 35 հեկտարի»,- ասաց նա:


Բացի այդ, ըստ մեր զրուցակցի, կառուցվել է 6 նոր ազատավանդակ վագրերի, արջերի, կատվային լեմուրների, սուրիկատների, ջրասամույրների և կապիկների էկզոտիկ տեսակների համար: Վերջին չորս տեսակը, ինչպես նաև լորին, հարավամերիկյան ընձառյուծն ու մառան, այս տարի կհամալրեն  այգու կենդանի հավաքածուն: Ի դեպ, վերջին 3 տարում, «Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիայի» հետ համագործակցության շնորհիվ այգի է բերվել 21 նոր տեսակ:


«2015թ. փետրվարի 21-ին Երևանի կենդանաբանական այգու պատմության մեջ առաջին անգամ այգում գառնանգղ (Gypaetus barbatus) է ծնվել: Սա կարևորագույն իրադարձություն է Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) Կարմիր ցուցակի վտանգված տեսակների շարքում ընդգրկված այս թռչունների պահպանության գործընթացում: 
Երևանի քաղաքապետարանի և այգու կողմից նախատեսված բարեփոխումների ընթացիկ դինամիկայի պահպանման դեպքում առաջիկա 3 տարվա ընթացքում հնարավոր կլինի ձեռք բերել ընձուղտներ և բևեռային արջեր»
,- ասաց Ռուբեն Խաչատրյանը՝ նշելով, որ 2015 թվականի տարեշրջանի բացումը կնշանավորի նաև նորագույն սարքավորումներով հագեցած կենդանաբուժական կլինիկայի գործարկումը:


Երևանի կենդանաբանական այգում «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» նախաձեռնությամբ կառուցվող Հայաստանում առաջին ներառական խաղահրապարակը կդառնա խաղային, թերապևտիկ և կրթական հարթակ հատուկ կարիքներով երեխաների և նրանց տարեկիցների համար: Երևանի կենդանաբանական այգում գործելու է նաև հիպոթերապիայի՝ ձիաբուժության կենտրոն:

Ներկայում Երևանի կենդանաբանական այգին մեծ նախադրյալներ ունի դառնալու Հարավային Կովկասի լավագույն այգին և Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիայի լիարժեք անդամ: