ԼՂՀ ԱԺ ընտրություններ. մասնակցել է ընտրողների 70,6%-ը

18:49 • 03.05.15

22.40


Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցվել է խորհրդարանական ընտրություններին մասնակցության բարձր ցուցանիշ: ԼՂՀ-ում իրենց քաղաքացիական պարտքն է կատարել ընտրողների 70,6 տոկոսը:

«Արմենպրես»-ի թղթակիցը Ստեփանակերտից հայտնում է, որ ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը ԿԸՀ մամուլի կենտրոնում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել է, որ լրացուցիչ ցուցակներով ընտրություններին մասնակցելու իրավունք ուներ ԼՂՀ 102 հազար 034 քաղաքացի, նրանցից քվեարկությանը մասնակցել է 72 հազար 039-ը:

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը հրապարակել է ԿԸՀ հաղորդագրությունը Ազգային ժողովի ընտրություններում քվեարկության ընթացքի մասին` ժամը 20:00-ի դրությամբ:




20.15


ԼՂՀ ԱԺ ընտրությունների՝ Ստեփանակերտում և Երևանում գտնվող բոլոր ընտրական տեղամասերը երեկոյան ժամը 20:00-ին փակվել են:

18.49


Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այսօր ընթացող խորհրդարանական ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ Ստեփանակերտում և Երևանում բացված 12 ընտրատարածքներում իր քաղաքացիական  պարտքը կատարել է 62.859 քաղաքացի կամ ընտրողների ավելի քան 61 տոկոսը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Ռայա Նազարյանը:

Նա շեշտել է, որ Երևանում ԼՂՀ  500 քաղաքացիներից 489-ն արդեն կատարել են իրենց քաղաքացիական պարտքը: Ըստ Նազարյանի՝ արձանագրվել են փոքրիկ խախտումներ, որոնք տեղում շտկվել են:




Հիշեցնենք, որ ԼՂՀ-ում անցկացվում են 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները:

Մայիսի 3-ի առավոտյան բացվել են բոլոր 279 տեղամասային ընտրական հանձնաժողովները: Տեղամասերից մեկը գտնվում է Երևանում,  ևս մեկը՝ քրեակատարողական հիմնարկում:

Ընտրության իրավունք ունեցող 101.653 քաղաքացիները մինչև երեկոյան ժամը 20:00-ն կարող են կատարել իրենց քաղաքացիական պարտքը: ԼՂՀ ընտրություններին հետևելու համար Ստեփանակերտ են ժամանել և դիտորդական առաքելություն են իրականացնելու 100-ից ավելի միջազգային դիտորդներ և 110 տեղական դիտորդներ:

Նշենք նաև, որ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ավելի վաղ ընդունել է 2015թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնող` Եվրախորհրդարանի, Ավստրիայի, Իսպանիայի,  Բասկերի Երկրի  ու Գերմանիայի խորհրդարանների մի խումբ պատգամավորների: