Մինսկը հունվար-փետրվար ամիսներին Ռուսաստան արտահանումից մոտ 900 մլն դոլար է կորցրել
Բելառուսի ձեռնարկություններն այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Ռուսաստան արտահանումից մոտ 900 միլիոն դոլար են կորցրել: Այդ մասին «Բելառուս- 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկրի վարչապետ Անդրեյ Կոբյակովը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վարչապետը հաստատել է երկրի մտադրությունը՝ ավելացնել իրենց ապրանքների արտահանումը նաև այլ երկրներ՝ Ռուսաստան արտահանումից կախված չլինելու համար: Նրա խոսքով՝ կառավարությունը 56 հեռանկարային շուկա է որոշել բելառուսական արտադրանքի համար:
Ապրիլի վերջին Անդրեյ Կոբյակովը Նախարարների խորհրդի նիստում հայտարարել էր արտահանումը դիվերսիֆիկացնելու անհրաժեշտության մասին: Վարչապետը նշել էր, որ ռուսական ուղղությամբ ավելի ու ավելի դժվար է աշխատել, որովհետև բարդ տնտեսական վիճակը ստիպում է ՌԴ-ին պաշտպանել իր արտադրողներին՝ չնայած Եվրասիական տնտեսական միության օրենքներին:










