Եվրամիությունը մինչ 2019 թվականը մտադիր է գազ ստանալ Թուրքմենստանից

09:51 • 04.05.15

Եվրամիությունը, որը ձգտում է նվազեցնել ռուսական էներգակիրների մատակարարումներից կախվածությունը, հուսով է, որ մինչ 2019 թվականը կսկսի գազ ներկրել Թուրքմենստանից: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շևչովիչը, գրում է korrespondent.net-ը:

 

Ռուսաստանը բնական գազի հարցում ապահովում է Եվրոպայի պահանջարկի մոտ մեկ երրորդը, սակայն Մոսկվայի կողմից Ղրիմի անեքսիան և նրա ներգրավվածությունն Ուկրաինայի արևելքում հակամարտությանը ստիպել են ԵՄ-ին ակտիվացնել այլընտրանքների որոնումները:

 

«Թուրքմենստանի համար կարևոր է դիվերսիֆիկացնել արտահանման հնարավորությունները, մինչդեռ ԵՄ-ի համար շատ կարևոր է դիվերսիֆիկացնել ներկրումը»,- ասել է Մարոշ Շևչովիչը:

 

Նախագծի նպատակն է ապահովել թուրքմենական գազի մատակարարումը Կասպից ծովի միջոցով այսպես կոչված՝ «հարավային միջանցքով», որը ներառում է Ադրբեջանն ու Թուրքիան:

 

«2019 և 2020 թվականներին Ադրբեջանից դեպի Եվրոպայի սահմաններ բոլոր այդ գազամուղները՝ Հունաստանի, Ալբանիայի, Իտալիայի ուղղություններով, պետք է կառուցված լինեն»,- ասել է ԵՄ փոխնախագահը: