Գերմանիայում երկաթուղային տրանսպորտի աշխատակիցները 6-օրյա գործադուլ են սկսում

14:22 • 04.05.15

Գերմանիայի երկաթուղային տրանսպորտի աշխատակիցներն այսօրվանից վեցօրյա գործադուլ են սկսում, որը կապված է Deutsche Bahn կոնցեռնի հետ աշխատավարձի շուրջ ընդհանուր հայտարարի չգալու հետ: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է մեքենավարների GDL արհմիության ղեկավար Կլաուս Վեզելսկին, հաղորդում է ria.ru-ն:

 

Գործադուլին կմասնակցեն բեռնատար գնացքների մեքենավարները, իսկ երեքշաբթի օրվանից նրանց կմիանան ուղևորատար հաղորդակցությունն ապահովող աշխատակիցները: Ակցիան կավարտվի շաբաթ օրն առավոտյան:

 

GDL-ն պահանջում է բոլոր աշխատակիցների համար աշխատավարձերի 5 տոկոսով բարձրացում, ինչպես նաև մեկ ժամով աշխատանքային շաբաթվա կրճատում:

 

«Մենք չենք հասել արդյունքների, քանի որ Deutsche Bahn-ը չգիտի, թե որ կողմ շարժվի: Ապրիլի կեսերից կոնցեռնը հայտարարում է, որ մեզ մեկ քայլ է մնում մինչ որոշում կայացնելը: Եթե դա այդպես լիներ, մենք համաձայնության կհասնեինք ապրիլի 29-ին, երբ կայացավ բանակցությունների վերջին փուլը»,- ասել է Վեզելսկին:

 

Deutsche Banh-ն առաջարկում է բարձրացնել աշխատավարձը երկու փուլով, ինչպես նաև աշխատակիցներին վճարել մեկանգամյա պարգևավճար 1.000 եվրոյի չափով: