«Իսլամական պետությունը» շարունակում է նույնասեռականների դեմ սկսած «արշավը» (լուսանկարներ)
Իրաքի և Սիրիայի տարածքների զգալի մասը գրաված և իր հանցավոր գործունեությունն իրականացնող «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը շարունակում է վայրագ մեթոդներով պայքարել միասեռականության դեմ:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, սիրիական Ռաքքա քաղաքում իսլամիստները դաժանաբար սպանել են մի տղամարդու` վերջինիս ոչ ավանդական սեռական կողմնորոշման համար:
Տասնմեկ գրոհային, ծածանելով իրենց խմբավորման սև դրոշները, երկհարկանի շենքի տանիքից ցած են գցել միասեռականին: Այնուհետ ներքևում հավաքված մարդիկ սկսել են քարկոծել կիսամեռ «հանցագործին»:
Աղբյուրը մանրամասնում է, որ ԻՊ-ի ահաբեկիչները դաժանաբար պատժում են նաև հարբեցողներին ու թմրամոլներին: Վերջերս համացանցում տարածվել են լուսանկարներ, որոնցում իսլամիստները Ռաքքայի կենտրոնում մտրակում են նշված վատ սովորություններն ունեցող 2 տղամարդու:















