Դանակահարություն Նոր Արեշում. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց

10:55 • 04.05.15

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից մայիսի 2-ին, ժամը 22.30-ին Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ զանգահարել է մի կին  և հայտնել, որ Նոր Արեշի  փողոցում դանակահարություն է կատարվել:


Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ նույն օրը, ժամը 23.05-ին,  23.25 և  23.55 հիվանդանոցից հաղորդումներ են ստացվել, որ «ձախ ազդրի շրջանի ծակած-կտրած վերքեր, սուր արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ   բուժօգնության է տեղափոխվել 1991 թ. ծնված Արթուր Պ.-ն, «աջ հետույքային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ` 1960 թ. ծնված Գուրգեն Մ.-ն և «գլխի աջ ճակատային շրջանի սալջարդ պատռած վերք, ծնկան հոդերի շրջանների քերծված վերքեր» ախտորոշմամբ 1952 թ. ծնված Համլետ Պ.-ն:

 

Համլետ Պ.-ն մայիսի 3-ին, ժամը 00.15-ին ոստիկանությանը հաղորդում է տվել, որ մայիսի 2-ին, ժամը 22.20-ին, հիշյալ փողոցում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը գարեջրի շշով հարվածել է իր գլխին` պատճառելով վնասվածք,և նույն վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել իր որդուն` Արթուր Պ.-ին ու հարևանին` Գուրգեն Մ.-ին: