ԼՂՀ ԱԺ ընտրությունները միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան են. ՌԴ պատգամավոր
ԼՂՀ–ում երեկ անցկացված խորհրդարանական ընտրությունները համապատասխանում են միջազգային բոլոր չափանիշներին, ինչպես տեղեկացնում է Artsakhpress.am-ը, այս մասին այսօր հայտարարել է ՌԴ դիտորդական առաքելության ղեկավար, ՌԴ պետական դումայի «Յաբլոկո» խմբակցության պատգամավոր Վիկտոր Շեյնիսը:
«ՌԴ պատվիրակությունը դիմում է միջազգային կազմակերպություններին և ՄԱԿ-ի անդամ երկրներին քայլեր ձեռնարկելու ԼՂՀ ընտրությունները միջազգային բոլոր չափորոշիչներով ճանաչելու համար: Ռուսաստանի պատվիրակությունը Արցախում է գտնվում ԼՂՀ ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով»,- նշել է նա։
Պատգամավորի խոսքով՝ ԼՂՀ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են բարձր մակարդակով,արդար, թափանցիկ և բաց, ինչպես նաև համապատասխանել են միջազգային բոլոր չափորոշիչներին:
«Մենք եղել ենք գրեթե բոլոր ընտրատեղամասերում և պետք է նշենք, որ որևէ տեղ դիտորդական առաքելության իրականացումը չի խոչընդոտվել, ինչպես նաև կարողացել ենք այցելել ցանկացած տեղամաս, ծանոթացել փաստաթղթերին, արձանագրություններին»,- նշել է պատգամավորը և հավելել, որ իրենց աշխատանքը չի խոչընդոտվել նաև ձայների հաշվարկի ժամանակ:
«Այս ընտրությունները համապատասխանում են այս տարվանից ուժի մեջ մտած ԼՂՀ Ընտրական բարեփոխված օրենսգրքի բոլոր դրույթներին»,- զեկույցն ընթերցել է Շեյնիսը:
Ռուս խորհրդարանականը շեշտել է, որ որոշ տեղամասերում եղել են աննշան թերություններ, սակայն դրանք ավելի շատ տեխնիկական խնդիրներ են և բուն գործընթացի և արդյունքների վրա ազդեցություն չեն թողել:










