ԵՄ-ում գործազրկության ամենացածր մակարդակը գրանցվել է Պրահայում
Պրահան ունի Եվրամիության անդամ պետությունների շրջաններից գործազրկության ամենացածր մակարդակը: Այն կազմում է ընդամենը 2,5 տոկոս: Այդ մասին երկուշաբթի օրը հայտնել է Novinky կայքը՝ վկայակոչելով ԵՄ-ի Eurostat վիճակագրական գործակալության տվյալները:
«Համաձայն Eurostat գործակալության տվյալների՝ 2014 թվականի արդյունքներով ԵՄ անդամ-պետությունների բոլոր շրջանների մեջ գործազրկության ամենացածր մակարդակը ունեցել է Պրահան՝ 2,5 տոկոս: Գործազրկության ամենաբարձր մակարդակը իսպանական ինքնավար Անդալուսիա շրջանում է, որտեղ բնակչության 34, 8 տոկոսն աշխատանք չունի»,- ասված է հաղորդագրության մեջ:
Պրահայից հետո ԵՄ-ում գործազրկության ամենացածր մակարդակով մնացած վայրերի տասնյակում Գերմանիայի շրջաններն են:
2014 թվականին ԵՄ երկրներում 5 տոկոսից ցածր գործազրկության մակարդակ են ունեցել ընդհանուր 54 շրջան՝ 23-ը Գերմանիայում, 16-ը՝ Մեծ Բրիտանիայում, 6-ը՝ Ավստրիայում, 3-ական՝ Բելգիայում և Ռումինիայում, 1-ական՝ Չեխիայում, Իտալիայում և Հունգարիայում: Մինչդեռ ԵՄ-ի 29 շրջաններում աշխատանք չի ունեցել բնակչության ավելի քան 20 տոկոսը, Իսպանիայում՝ 13 շրջան, Հունաստանում՝ 12 շրջան և Իտալիայում՝ 4 շրջան:










