ԲՀԿ նախագահն այցելել է Գյումրիի վերակազմավորված թիվ 33 ընտրատարածք

16:15 • 04.05.15

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը երեկ Գյումրիում աշխատանքային հանդիպում է ունեցել ԲՀԿ վերակազմավորված թիվ 33 ընտրատարածքային կուսակցական կազմակերպության պատասխանատուների հետ։ Կուսակցության նախագահը և ընտրատարածքի պատասխանատուները քննարկել են ներկուսակցական և կազմակերպական մի շարք խնդիրներ։
 

Այս մասին հայտնում են ԲՀԿ մամուլի ծառայությունից։
 

ԲՀԿ նախագահը պատասխանել է թիվ 33 ընտրատարածքի պատասխանատուների բազմաթիվ հարցերին՝ ներկուսակցական և ներքաղաքական խնդիրների հետ կապված։ Քննարկվել են նաև Գյումրի քաղաքին և նշյալ ընտրատարածքի համայնքներին առնչվող կոնկրետ խնդիրներ։
 

Մասնավորապես՝ Ախուրյանի, Ամասիայի և Աշոցքի ԲՀԿ պատասխանատուներն առաջարկել են օրենսդրական այն նախաձեռնությունները, որոնք առնչվում են նաև կոնկրետ իրենց համայնքներին՝ մինչ խորհրդարանում քննարկելը՝ քննարկել նաև համայնքների բնակիչների հետ. մասնավորապես՝ համայնքների խոշորացման մասին օրենքը։
 

Կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է նաև կուսակցության քաղաքական խորհրդի մոտեցումները ներքին և արտաքին մի շարք հիմնահարցերի, ինչպես նաև տնտեսական խնդիրների վերաբերյալ։


Ընտրատարածքի պատասխանատուներն առաջարկել են առաջիկայում կազմակերպել հանդիպում Գյումրիի և հարակից համայնքի բնակիչների հետ։ ԲՀԿ նախագահին է հանձնվել նշյալ ընտրատարածքից կուսակցությանն անդամակցելու մի քանի տասնյակ դիմում։