Ինչո՞ւ պետք է պատասխանատու լինեմ ինչ-որ քաղաքապետի կերած կեղտերի համար. Սամվել Ֆարմանյան

13:10 • 05.05.15

2014 թ-ի դեկտեմբերի 19-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի միջև Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրի քննարկումը  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում բավական բուռն էր:


ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե վստահ չէ, որ Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից Կոտայքի մարզի աղբահանության բարելավման համար տրվող 3,5 մլն վարկը նպատակին կօգտագործվի և նշեց մտահոգության պատճառը:


Ըստ նրա՝ Վանաձորի քաղաքապետի կողմից այս պահին վաճառվում են դրամաշնորհների միջոցով քաղաքին տրամադրված աղբահանության մեքենաները, ապա հարց հնչեցրեց՝ կա՞ն արդյոք երաշխիքներ, որ վարկային այս համաձայնագիրն էլ չի արժանանա նույն ճակատագրին։


«Վանաձորում այս պահին չորս աղբի մեքենաները, որոնք տրվել են USAID-ի կողմից, դրվել են վաճառքի: Ավագանու առաջիկա նիստում հարցը դրված է: Էս ապօրինության դեմն ո՞վ պետք է առնի: Նոր վարկ ենք վերցնում, մենք էլ պետք է ԱԺ-ում հաստատենք, այն դեպքում, որ չգիտենք՝ վաղը մյուս օրը համայնքապետերը իրանց կնվիրեն, կծախեն, կուտեն-կպրծնեն: Ո՞վ պիտի սրա դեմն առնի: 1,5 միլիոն դրամով հատը հենց հիմա աշխատող մեքենաները ուղղակի վաճառքով ծախում են»,- հարցրեց Էդմոն Մարուքյանը և հավելեց, թե Հայաստանն արտաքին վարկի առումով առանց այդ էլ ծանրաբեռնված է, ու նոր վարկի կարիք չունի:
 

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանն ասաց, որ համայնքների բյուջեները կվերահսկվեն:


ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի խոսով, սա «ամենաանշառ» վարկն է ու մինչև 2029 թ-ը կարող է հեշտ մարվել:


ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ կողմ չէր նման վարկին: Նա նշեց, թե կառավարությունը նման համաձայնագրեր ներկայացնելուց պետք է մտածի նաև իշխող մեծամասնության մասին:


«Արտաքին պարտք ասածն ի՞նչ է, ամեն տարի պետական բյուջեի սուղ միջոցներից, որ հազար ու մի դարդ ու ցավ ունենք, վարկ ենք սպասարկում, որովհետև արդյունքում ցմփոր քաղաքապետերը՝ իրենց տեղը նստած, բռնաբարելով երկրի ապագան, ծախսերը փակելու փոխարեն էշություն են անում»,- ասաց Սամվել Ֆարմանյանը:


ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց, թե լավ չէ, որ փոխնախարարը չունի Էդմոն Մարուքյանի հարցի պատասխանները:


«Հարց են տալիս, մենք գլուխներս ենք կախում, ինչո՞ւ պետք է պատասխանատու լինեմ ինչ-որ քաղաքապետի կերած կեղտերի համար, որ որպես իշխանություն չգիտեմ՝ ոնց վերահսկեմ»,- եզրափակեց Ֆարմանյանը:


Օրինագիծն այդուհանդերձ մտավ ԱԺ քառօրյա նիստ՝ 3 կողմ, 1 ձեռնպահ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ:  Սամվել Ֆարմանյանն ու Էդմոն Մարուքյանը չմասնակցեցին քվեարկությանը: Դեմ քվեարկեց ԲՀԿ պատգմավոր Վահե Էնֆիաջյանը և ձեռնպահ Ալեքսանդր Արզումանյանը: