Ինչու է Դոնբասը մեծ գլխացավանք դառնում Ռուսաստանի համար. FP

13:17 • 05.05.15

Դոնբասը տնտեսական և սոցիալական կոլապսի եզրին է և գլխացավանք է դառնում Ռուսաստանի համար, գրում է Foreign Policy հանդեսը: Այդ ծանր փաստը ռուս-ուկրաինական պատերազմը մեկ այլ լույսի ներքո է դնում: Ինչպես գրում է կայքը, սովորաբար պատերազմները տեղի են ունենում «մրցանակային տարածքի» համար, սակայն տվյալ դեպքում պարտված կլինի նա, ում կհասնի Դոնբասի հսկողությունը: Հետևաբար՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով վերահսկում է շրջանը և հավանաբար տեսանելի ապագայում կշարունակի պահպանել վերահսկողությունը, պարտվածն է: Ե՛վ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան գիտեն այդ մասին:

 

Կայքը վկայակոչում է ՄԱԿ-ի տվյալները, որոնց համաձայն՝ 2014 թվականի մարտից շրջանը լքել է 5 միլիոն բնակչությունից 2 միլիոնը: Շատ փախստականներ միջին դասի կրթված մասնագետներ են, և նրանք դժվար թե վերադառնան պատերազմական գոտի, գրում է FP-ն: Այդկերպ՝ ինչպես նշվում է հոդվածում, շրջանը կրել է ինտելեկտուալ և մարդկային կապիտալի անդառնալի կորուստ: Մնացած երեք միլիոն բնակիչներից մոտ երկու միլիոնը երեխաներ են և թոշակառուներ, այսինքն՝ աշխատունակ է 1 միլիոն մարդ, բացի այդ՝ բազմաթիվ ենթակառուցվածքներ ավերված են մնում, հավելում է FP-ն:

 

Մշտական աշխատավարձ ստանում է միայն բնակիչների մեկ երրորդը, հսկայական տարածքներում կա գազի, ջրի, էլեկտրականության պակաս, իսկ տնտեսական անկումը կշարունակի այնքան, քանի դեռ չեն ավարտվել ռազմական գործողությունները: Ժամանակի ընթացքում Դոնբասի բնակչությունը բաղկացած կլինի տարեց քաղաքացիներից, երեխաներից, գերծանրաբեռնված կանանցից և հուսահատ տղամարդկանցից, որոնք ստիպված կլինեն ընտրել ալկոհոլիզմի և ռազմական գործողություններին մասնակցելու դիմաց վճարվելու միջև:

 

Աղբյուրը գրում է, որ որքան երկար շարունակվեն ռազմական գործողությունները, այնքան ավելի վատ Դոնբասը կկարողանա գոյատևել:  Որքան երկար անջատողականները պահեն տարածքը, այնքան ավելի մեծ կլինի դրա գինը և ավելի շատ կլինեն վտանգները:

 

Բացի այդ, նշվում է, որ ներկայիս իրավիճակը ձեռնտու է Կիևին, քանի որ այն կարող է պնդել, որ երբեք չի թողնի Դոնբասը, ընդ որում՝ ոչինչ չանելով այն ազատելու համար: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ցանկացած լուծման դեպքում այն ստիպված կլինի բախվել «առանց ապագայի» շրջանի, որը բեռ կդառնա երկրի տնտեսության համար տասնամյակներ շարունակ: